Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 5

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ՝ դեսանտի մարտական մեքենաներով

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ՝ դեսանտի մարտական մեքենաներով

18:35-Դոնեցկի Կոնստանտինովկա քաղաքում ինքնապաշտպանական ուժերը վերանորոգել են որպես Հայրենական մեծ պատերազմի տարիների հուշ-խորհրդանիշ ծառայող ԻՍ-3 (Իոսիֆ Ստալին) տանկը, որը նախատեսվում է ներգրավել մարտական գործողություններում։

18։05-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը հայտնել է, որ ուժայինները վերսկսել են հարձակումը Սլավյանսկի շրջանի Սեմյոնովկա բնակավայրի ուղությամբ՝ կիրառելով զրահատեխնիկա և մոտոհրաձգային ստորաբաժանումներ։ Նա հավելել է, որ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի 1 տանկ, ինչպես նաև վնասել 1 միավոր Մի-8 ուղղաթիռ, որը կատարել է հարկադիր վայրէջք։

17։30-Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին տեղեկացրել է, որ մինչև հունիսի 6-ը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պետք է հայտնի իր դիրքորոշումը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական դրություն սահմանելու վերաբերյալ։
Ավելի մանրամասն՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում կարող են սահմանել ռազմական դրություն արդեն հունիսին

16։50-Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Անդրեյ Սենչենկոն Գերագույն Ռադայում հայտարարել է, որ անհրաժեշտ է օրենքով սահմանել քրեական պատասխանատվություն այն անձնանց համար, ովքեր կխուսափեն զինվորական ծառայությունից։ Ուշագրավ է այն, որ այս առաջարկն արվում է նույն այն երկրում, որը նախատեսում էր վերացնել պարտադիր զինվորական ծառայությունն ու անցնել պայմանագրային բանակին։ Հիշեցնենք նաև՝ նախատեսվում էր, որ 2013-ի աշնանային զորակոչը լինելու է վերջինն ուկրաինական բանակի համար։

16։25-Համացանցում տարածվել է տեսագրություն, որում ինքնապաշտպանական ուժերի մարտիկները գնդակահարում են Ուկրաինայի 2 ուժայինների ու կիևյան իշխանությունների տալիս են վերջնաժամկետ, որպեսզի իրականացվի գերիների փոխանակում։ Նշենք սակայն, որ տեսանյութի հավաստիությունը դեռևս կասկածելի է։ 

16։00-Ամերիկյան TheNewYorkTimes պարբերականը գրում է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ունեցած հանդիպման ժամանակ խնդրել է տրամադրել ապացույցներ՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում կռվող մարտիկներին Ռուսաստանի ցուցաբերած աջակցության վերաբերյալ։ Այլ մանրամասներ հանդիպումից դեռևս հայտնի չեն։

15։40-Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ՌԴ-ն կներկայացնի այդ երկրումիրենց դեսպան Միխայիլ Զուրաբովը, ով Կիև կվերադառնա հատուկ միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Հիշեցնենք, Զուրաբովին Մոսկվան հետ էր կանչել փետրվարի 23-ին՝ ինչպես հաճախ տրվում է դիվանագիտական ձևակերպումը՝ խորհրդակցելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

15։15-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը լրատվամիջոցներին հայտնել է, որ գիշերը ուժայինները հրետակոծել են Սլավյանսկի շրջանի Սեմյոնովկա բնակավայրը՝ այդ թվում նաև Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանքից։ Ստրելկովը հայնտել է նաև, թե իրենց հաջողվել է խոցել ուկրաինական օդուժի 2 միավոր Սու-25 գրոհիչ։ Նա հավելել է մեկ այլ ուշագրավ տեղեկություն, համաձայն որի՝ ինքնապաշտպանական ուժերը Սեմյոնովկա բնակավայրում որպես պաշտպանական ենթակառուցված փորում են ստորգետնյա թունելներ։ Նշենք՝ ակնկալվում է, որ Կռասնի Լիմանի նկատմամբ վերահսկողոթություն սահմանելուց հետո, հաջորդ հարվածն ուժայինները հասցնելու են հենց Սեմյոնովկային։

14:50-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սլավյանսկից հյուսիս-արևելք գտվող Կռասնի Լիման բնակավայրի մերձակայքում ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է զենիթային կայաններից բացված կրակով վնասել 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ։ Օդաչուներն իրականացրել են վթարային վայրէջք, ինչից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց։

14։15-Հունիսի 3-ին դադարեցրել է աշխատանքը Լուգանսկի միջազգային օդանավակայանը։ Որպես պատճառ օդանավակայանի գլխավոր տնօրեն Վասիլիյ Տատարինովը նշել է թռիչքուղու վրա տեխնիկական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Նա հավելել է՝ առայժմ նախատեսվում է, բոլոր աշպատանքներն ավարտել մինչև հունիսի 10-ը։
Հիշեցնենք, որ չի գործում նաև Դոնեցկի միջազգային օդանավակայանը, որը փակվեց, երբ ինքնապաշտպանական ուժերը փորձեցին գրավել այն և ծավալվեցին երկօրյա ծանր մարտեր։

13:50-Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբի տեղեկատվական մասի պատասխանատու Վլադիսլավ Սելեզնյովը լրատվամիջոցներին հայտնել է, որ վերջին օրերին ինքնապաշտպանական ուժերը կորցրել են ավելի քան 300 մարտիկ, ևս 500-ը վիրավոր են։ Ուժայինների կորուստները նույն ժամանակահատվածի համար կազմում են 2 զոհ և 45 վիրավոր։ Նկատենք սակայն, որ կորուստների նման հարաբերակցությունը բավական անիրատեսական է թվում։

13:40-Տեսանյութում Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն է, ով հունիսի 4-ին այցելել էր Դոնեցկ ու ինչպես նշվում էր մամուլի համար տարածված հաղորդագրություններում՝ անձամբ կոորդինացնում էր հակաահաբեկչական գործողությունն այդ շրջանում։


13։25-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակն ընդգրկվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի կազմի մեջ։ Այժմ այն ազգային գվարդիայի 3-րդ գումարտակն է ու առաջիկայում ամբողջությամբ ներգրավվելու է Դոնեցկում և Լուգանսկում իրականացվող հակաահաբեկչական գործողություններում։ Հիշեցնենք, որ «Դոնբաս» գումարտակը շաբաթներ առաջ ընկել էր ինքնապաշտպանական ուժերի դարանի մեջ, ինչի հետևանքով դարձել էր անմարտունակ, քանի որ զոհվել կամ վիրավորվել էր անձնակազմի կեսից ավելին։

13:10-Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել է, որ Սլավյանսկի մերձակայքում հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը ուժայինները ոչնչացրել են ինքնապաշտպանական ուժերին փոխադրող ավտոբուս։ Գործողության ընթացքում զոհվածների թվի մասին ստույգ տեղեկություն դեռևս չկա։

13։00-Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ մոտ 5 հազար օտարերկրացիներ ցանկանում են զինվորագրվել և կամավոր կռվել «Ուկրաինայի անվտանգությունը պաշտպանելու համար»։ Նրանք շարքերում են նախկին և ներկա զինծառայողներ։ Ըստ աղբյուրի՝ կամավորներն Ադրբեջանից են, Թուրքիայից, Գերմանիայից, Վրաստանից և այլ երկրներից։

12։30-Լուգանսկի ապստամբներին հաջողվել է առգրավել 25 միավոր ՊՏՍ-2 լողացող զրահափոխադրիչ։ Նրանք ներխուժել են «Լուգանսկտեպլովոզ» ձեռնարկության տարածք, որտեղ էլ հայտնաբերել են լողացող զրահափոխադրիչների պահեստը։ Նկատենք, որ  «Լուգանսկտեպլովոզը» որոշում էր կայացրել այլևս չարտադրել ՊՏՍ-2 լողացող զրահափոխադրիչներ, իսկ արտադրվածները չէր կարողացել վաճառել, ուստի տեղակայել էր դրանք պահեստում։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

 Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

 Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

 

One response to “Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 5

  1. Pingback: Ուկրաինայի արևելյան շրջաններում կարող են սահմանել ռազմական դրություն արդեն հունիսին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *