Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 26

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին

Դոնեցկի օդանավակայանը հսկող ինքնապաշտպանական ուժեր. կենտրոնում՝ ԱԳՍ ավտոմատ նռնականետ

Դոնեցկի օդանավակայանը հսկող ինքնապաշտպանական ուժեր. կենտրոնում՝ ԱԳՍ ավտոմատ նռնականետ

23:50-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարական շտաբը տարածել է հաղորդագրություն, որում հայտնում է,  թե ուժայինները ձեռքի հակատանկային նռնականետով (ՌՊԳ) կրակ են արձակել  կարմիր խաչ տարբերանշանով ԿամԱզ բեռնատար մեքենայի ուղղությամբ, որը տեղափոխում էր վիրավոր մարտիկների։ Շտաբից հայտնում են, որ հարձակմանը զոհ են գնացել 35 հոգի։
Պետք է նշենք սակայն, որ թիվը բավական ուռճացված է թվում և բացի այդ, բեռնատարի խփման վայրի լուսանկարներից և ոչ մեկում չեն երևում դիակներ։

Խփված բեռնատարը

Խփված բեռնատարը

20։25-Համացանցում է հայտնվել Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի Իգոր Ստրելկովի ստորագրությամբ հրամանի պատճե, որով գնդակահարության են դատապարտվել ինքնապաշտպանական ուժերի վաշտի և դասակի մեկանան հրամանատար՝ իրենց վստահված մարտական դիրքը լքելու և թիկունքում կողոպուտով ու մարդկանց առևանգմամբ զբաղվելու համար։ Հրամանում նշվում է, որ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը չի հանդուրժի քրեական ամենաթողություն թիկունքում։ Իգոր Ստրելկովը հաստատել է այդ հրամանի իսկությունը։

20։00-Ուկրաինայի ուժային կառույցները վերսկսել են հակաահաբեկչական գործողությունը Սլվավյանսկում։ Այս մասին հայտնում է Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը։

18։05-Տեղում աշխատողդ լրագրողները հայտնում են, որ մարտական գործողությունները Դոնեցկի օդանավակայանի շրջանում այս պահին դադարել են։

17:50-Դոնեցկի օդանավակայանի գրոհին ուկրաինական ուժայինները ներգրավել են նաև կործանիչներ։

Ուկրաինայի ՌՕՈւ կործանիչը Դոնեցկի օդանավակայանի օդային սահմանում

Ուկրաինայի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչ՝ Դոնեցկի օդանավակայանի օդային սահմանում

17:40-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե Դոնեցկի օդանավակայանի գրոհի ժամանակ զինված ուժերը կորցրել են ուղղաթիռ։

17։00-Համացանցում տարածվում են Դոնեցկի օդանավակայանում ծավալվող մարտերի լուսանկարներ և տեսանյութեր։ Դրանցից կարելի է նախնական եզրակացնել, որ ուժայիններն իսկապես կիրառում են ոչ միայն հարվածային ուղղաթիռներ։

 

16։55-Հակամարտող երկու կողմերից էլ նկատվում է ուժերի կուտակում։

Ուժերի կուտակումներ Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում

Ուժերի կուտակումներ Դոնեցկի օդանավակայանի մերձակայքում

16։25-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության թվիթերյան միկրոբլոգում արվել է գրառում, համաձայն որի ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել օդանավակայանի գրոհին մասնակցող ուկրաինական ուղղաթիռներից մեկը։ Սույն տեղեկատվությանը սակայն առայժմ պետք է վերաբերվել խիստ վերապահումով։

16:05-Դոնեկցի օդանավակայանը ավիահարվածներից և ականանետային կրակից հետո։

Դոնեցկի օդանավակայան

Դոնեցկի օդանավակայան

15։50-Ուկրաինայի ուժայինները փորձում են վերականգնել հսկողությունը Դոնեցկի օդանավակայանի նկատմամբ, որը մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը զբաղեցրել էին տեղի ինքնապաշտպանական ուժերը։ Ինչպես արդեն նշել ենք, ինքնապաշտպանական ուժերի՝ գիշերը ծավալած գործողությունն անցել է անարյուն, սակայն այժմ վերահսկողությունը վերականգնեկլու նպատակով ուկրաինական ուժայինները ականանետային կրակի են ենթարկում օդանավակայանի տարածքը։ Դեռևս չճշտված տվյալներով՝ գործողությանը ներգրավված է նաև մարտական ավիացիան՝ Մի-24 հարվածային ուղղաթիռներով։

14։30-Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները պետք է կայանան 2014-ի վերջին։ «Երբ առկա է խորհրդարանական ճգնաժամ, միակ ելքը դրանից ընտրություններն են։ Այս պահի դրությամբ խորհրդարանում կոալիցիա չկա, իսկ ստեղծված պայմաններում Ուկրաինան չի կարող թույլ տալ իրեն ունենալ մի խորհրդարան, որն արգելափակում է երկրի պաշտպանական ներուժի ամրապնդմանն ուղղված որոշումները։ Առաջին այցի ընթացքում թերևս Դոնբասում կլինեմ, իսկ առաջին միջազգայինը՝ Լեհաստան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն էլ անպայման պետք է կայանա։ 2015-ի փետրվարի կեսերին Ուկրաինայի քաղաքացիներն արդեն կապրեն նոր երկրում»,-շեշտել է նա։

13։50-Ուկրաինայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Լուգանսկի շրջանում ինքնապաշտպանական ուժերի 2 անդամ է սպանվել, 14-ը գերի ընկել ուկրաինական բանակի հետ բախումների ժամանակ։ Դեպքը եղել է նախագահական ընտրությունների ժամանակ։

11։50-Իրադրությունը Դոնեցկում և Լուգանսկում ներկայում համեմատաբար հանդարտ է։

11։10Դոնեցկի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները, քանի որ ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» պահանջել է, որպեսզի օդանավակայանը հսկող ուկրաինացի զինծառայողներն ազատեն այն։ Ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները վաղ առավոտյան մի քանի ավտոմեքենաներով եկել են օդանավակայանի տարածք և պահանջել, որպեսզի ուկրաինացի ուժայինները լքեն այն։ Միջադեպի ժամանակ փոխհրաձգության և բռնության դեպքեր չեն եղել, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Այս դեպքից հետո օդանավակայանը դադարեցրել է աշխատանքները։

10։40Սլավյանսկի մոտակայքում մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը մարտեր են ընթացել։ Մասնավորապես, փոխհրաձգություն է ընթանում Անդրեևկա բնակավայրի մոտ։ Մարտեր են ընթացել նաև Լեսովկա գյուղի մոտ, որտեղ տեղակայված է Ազգային գվարդիայի «Դնեպր» գումարտակը։ Կողմերի կորուստների մասին հստակ տվյալներ դեռ չկան։

10։10-Հայտնի են Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկության նախնական տվյալները։ Ինչպես հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, արդեն դիտարկել են ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների մոտ 40.06 տոկոսը։ Համաձայն դրանց՝ առաջատար է ինքնաառաջադրված թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն շուրջ 54.09 տոկոս ձայներով։ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 13.13 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 8.49 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլիյ Գրիցենկոյի համար՝ 5.47 տոոկսը, իսկ Շրջանների կուսակցության նախկին անդամ Սերգեյ Տիպիգենկոյի համար՝ 5.09 տոկոսը։

10։00-Մայիսի 26-ին Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը հայտարարել է՝ Դոնեցկում ռազմական դրություն են սահմանելու՝ Դոնեցկի տարածքը «օտար զորքերից մաքրելու նպատակով»։ Բացի այդ, նա հերթական անգամ հաստատել է, որ Կիևի նորընտիր իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր է միայն միջնորդների մասնակցության պարագայում։ «Մենք պատրաստ ենք քննարկել պատանդների փոխանակման և ուկրաինական զորքերի՝ Դոնեցկի տարածքից դուրսբերման հարցերը»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ 

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *