Քաթարը մտադիր է ռազմաօդային ուժերը համալրել NH90 ուղղաթիռներով

Քաթարը շարունակում է զինված ուժերի սպառազինության արդիականացման և կատարելագործման պլանը, որի շրջանակներում պաշտպանության նախարարությունն այս անգամ 22 միավոր NH90 ռազմական ուղղաթիռների գնման համաձայնագիր է կնքել դրանք արտադրող եվրոպական NHIndustries կորպորացիայի հետ։ Պայմանագիրը գնահատվում է շուրջ 2.7 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս մասին հաղորդում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը։

NH90 ուղղաթիռը. Նկարը՝ «Ջեյսն» ռազմական հանդեսի

NH90 ուղղաթիռը.
Նկարը՝ «Ջեյսն» ռազմական հանդեսի

Ինչպես նշվեց, դեռևս կնքվել է միայն գործարքի համաձայնագիրը, իսկ առևտրային բուն պայմանագրի կնքման և մատակարարման ժամկետների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան։ Հայտնի է միայն, որ 22 ուղղաթիռներից 12-ը պատկանելու են բեռնատար TTH, իսկ մյուս 10-ը՝ ռազմանավերի տախտակամածին տեղակայման համար նախատեսված NFH մոդիֆիկացիային։

Նշենք, որ Քաթարն այս ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում 2014-ի հունվարից ու գործարքի կյանքի կոչվելու դեպքում այն կդառնա Պարսից Ծոցի երկրորդ պետությունը, որը գնել է NH90 ուղղաթիռներ։ Ավելի վաղ դրանց 4 միավոր ձեռք էր բերել Օմանի Սուլթանությունը։

Հարկ է նշել, որ 2014-ի մարտի 27-ին Քաթարը ներկայացրեց սեփական զինված ուժերի զարգացման և դրա սպառազինության արդիականացման պլանը, որի իրագործման համար այդ երկիրը պատրաստվում է հատկացնել 24 միլիարդ ամերիկյան դոլար։ Ընդ որում, արդեն իսկ հայտնի է Քաթարի մտադրությունը մի քանի խոշոր գործարքների կնքման վերաբերյալ։ Դրանցից հարկ է առանձնացնել A330MRTT լիցքավորող ինքնաթիռների գնման ցանկությունը, որի վերաբերյալ համապատասխան ծանուցագիրն Airbus ընկերությունն արդեն ստացել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *