Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատարը հեռացված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին հեռացվել էր պաշտոնից: Նրա պաշտոնակատար էր նշանակվել Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը:

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հեռացվել է նաև ՌԾՈւ հրամանատարի՝ մոտ 3 շաբաթ պաշտոնավարած պաշտոնակատարը՝ առանց նշելու հեռացման պատճառների և հանգամանքներների մասին։ Հայտնի է նաև, որ Յունուս Մամեդովին ՊՆ համակարգում պաշտոն են տվել։
ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել երկրորդ կարգի կապիտան Շահին Մամեդովը, որը ստանձնել է նաև ՌԾՈւ շտաբի պետի պարտավորությունները։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Նկատենք, որ դեռևս մարտի 6-ին հայտնի էր դարձել՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը «մաքրում է» ռազմածովային ուժերը նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ բարձրաստիճան զինվորականներից:

Հարկ է նշել, որ նույն ինքը՝ Շահին Սուլթանովը ևս Սաֆար Աբիևի կադրերից էր համարվում: Նա ավարտել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ակադեմիայի նավիգացիայի բաժինը, 1999-ին նշանակվել է ՌԾՈւ հրամանատար, 2002-ին նրան շնորհվել է կոնտրծովակալի, իսկ 2005-ին՝ փոխծովակալի կոչում: Նրան են վերագրում Ադրբեջանական ՌԾՈւ սերտ համագործակցության հաստատումը Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք նաև, որ օրերս ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ պետական գույքի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար պատասխանատվության է ենթարկվել Շահին Սուլթանովի եղբայրը՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում աշխատող Էլչին Սուլթանովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *