Սիրիան չի տեղավորվում քիմիական զենքի դուրսբերման համար սահմանված ժամկետում

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում թերահավատություն է հայտնել, թե Սիրիան կհասցնի ոչնչացման համար հանձնել քիմիական զենքի ողջ պաշարները։ Որպես վերջնաժամկետ սահմանված էր 2014-ի մարտի 30-ը, սակայն այսօր արդեն իսկ պարզ է, որ այդ ժամկետն իրատեսական չէ։ Այս մասին հաղորդում է Ռոյթերսլրատվական գործակալությունը։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Բացի այդ, մինչև 2014-ի մարտի 15-ը Սիրիան պետք է ոչնչացներ երկրում առկա քիմիական զենքի արտադրության թվով 12 գործարանները։ Ավելի վաղ Սիրիան փորձել էր գալ համաձայնություն և պահպանել այդ գործարաններից մի քանիսը՝ պայմանով, որ դրանք կվերափոխվեն և կտան քաղաքացիական նշանակության արտադրանք, սակայն արևմտյան երկրները կտրականապես դեմ են եղել դրան։ Ինչևէ, Սիրիայում դեռևս չեն մեկնարկել նույնիսկ այդ գործարանների ապամոնտաժման աշխատանքները։

Նշենք, որ սիրիական ճգնաժամի շուրջ բանակցող երկրները սահմանել էին, որ մինչև 2013-ի դեկտեմբերի 31-ը քիմիական զենքի ողջ պաշարները պետք է դուրս բերվեն երկրի տարածքից և հանձնվեն միջնորդ պետություններին՝ դրանց հետագա ոչնչացման համար։

Սակայն տեղավորվել այդ ժամկետներում չհաջողվեց, քանի որ Սիրիայում առկա լարված իրավիճակի պատճառով բարդություններ էին առաջանում զենքի պաշարների հավաքագրման և Լաթաքիա նավահանգիստ ուղարկման գործընթացում։ Վերջնաժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով, սակայն ինչպես արդեն պարզ է, դա ևս չբավարարեց քիմիական զենքի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 14-ին Սիրիան անդամակցեց քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, որին հետևեց երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը։ Համաձայն այդ տվյալների՝ Սիրիան ուներ շուրջ 1300 տոննա քիմիական զենք, որի մի մասն արդեն ոչնչացվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *