«Ազատ Կովկաս» անունը կրող հասարակական-քաղաքական շարժումը, որի հիմնադիրներն ու անդամները հիմնականում չեչեններ են, վրացիներ ու ադրբեջանցիներ, կոչ է արել կամավորական ջոկատներ ստեղծել, որոնք խաղաղապահ առաքելության իրականացման համար կմեկնեն Ուկրաինա։
Ինչպես հետևում է այս շարժման տարածած պաշտոնական հաղորդագրությունից, կամավորական ջոկատները պետք է միավորվեն՝ ստեղծելով խաղաղապահ գումարտակ:
Ըստ ադրբեջանական haqqin.az լրատվակայքի՝ խաղաղապահ գումարտակի շտաբի պետ է նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, Ադրբեջանից Նորվեգիա աքսորված գնդապետ Իսա Սադիգովը, իսկ ըստ «Գրուզիա Օնլայն» վրացական լրատվակայքի՝ հաղորդագրությունում որպես գումարտակի հրամանատար նշվում է չեչեն զինվորական, գրոհային, Չեչնիայի նախկին գլխավոր դատախազ Իսա Մունաևը։
Հարկ է նշել, որ Իսա Մունաևը «Ազատ Կովկաս» շարժման նախագահն է, իսկ Իսա Սադիգովը՝ նրա առաջին տեղակալը։
Հետաքրքիր է, որ Սադիգովը 1993-ին Ադրբեջանում Սուրեթ Հուսեյնովի իրականացրած հեղաշրջման փորձի մասնակից է, որպես պաշտպանության փոխնախարար պաշտոնավարել է 1993-1996-ին, հայտնի է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դեմ ուղղված սուր քննադատություններով,բազմիցս իր համակրանքն է հայտնել Ադրբեջանի ընդդիմադիր խմբակցություններին։
Վերադառնալով «Ազատ Կովկասի» գումարտակին՝ նշենք, որ այն կրելու է Չեչնիայի չճանաչված հանրապետության առաջին նախագահ Ջոհար Դուդաևի անունը (մահացել է 1996-ին կասկածելի պայմաններում, սերտ առնչություններ է ունեցել Ադրբեջանի այն ժամանակվա պաշտոնյաների, մասնավորապես ներքին գործերի նախկին նախարար Իսքանդեր Համիդովի հետ)։
Հաղորդագրության տեքստում հիշատակվում է էլեկտրոնային հասցե, որին էլ կամավոր դառնալ ցանկացողները կարող են հայտ ուղարկել։
Նշենք նաև, որ հաղորդագրության մեջ խիստ քննադատություն է հնչում Ռուսաստանի՝ Ղրիմում վարած քաղաքականության նկատմամբ։ Եվ այս հանգամանքը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այս շարժման ընդգծված հակառուսական ուղղվածությունը, որն իր նպատակն է հռչակել «ռուսական չարիքի կայսրության տապալումը, կովկասյան ժողովուրդների անկախացումը»։ Նպատակների շարքում է ներառված նաև Ադրբեջանի «հողերի ազատագրումը հայկական բռնազավթումից»։
Կազմակերպությունը ստեղծվել է 2009-ի փետրվարին Դանիայի Հերլև քաղաքում։ Այս շարժումն ակտիվորեն համագործակցում է արևմտյան քաղաքական գործիչների և գիտնականների հետ։ Շարժման ներկայացուցիչները պարբերաբար հակառուսաստանյան և հակապուտինյան ցույցեր են անցկացնում Դանիայում։