Ճապոնիան վերադարձնելու է ԱՄՆ-ին «սառը պատերազմի» տարիներին ստացած պլուտոնիումը

Տոկիոյի և Վաշինգթոնի բանակցություններն ամերիկյան կողմին Ճապոնիայի ունեցած մոտ 300 կգ բարձր աստիճանի հարստացրած պլուտոնիումի պաշարների հանձնման շուրջ թևակոխել են ավարտական փուլ։

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Ճապոնիայի ունեցած պաշարներից հնարավոր է պատրաստել 40-50 հատ միջուկային լիցքեր։
Համապատասխան համաձայնագրի կնքումն ակնկալվում է Նիդեռլանդներում 2014-ի մարտին անցկացվելիք միջուկային անվտանգության թեմային վերաբերող գագաթաժողովում։
Հիշեցնենք, որ Ճապոնիան «սառը պատերազմի» տարիներին՝ 1946-1991 թվականներին, ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից տարբեր խմբաքանակներով ստացել էր ընդհանուր առմամբ 331 կգ պլուտոնիում։ Հոնսյու թերակղզում տեղակայված գիտահետազոտական կենտրոնում ճապոնացի մասնագետները մինչ օրս աշխատանքներ էին տանում այսպես կոչված «արագ նեյտրոնների» հիման վրա պլուտոնիումի գործարկմամբ նոր ռեակտոր ստեղծելու ուղղությամբ։
ԱՄՆ-ին հատկապես անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Ճապոնիայի ունեցած պլուտոնիումից 293 կգ-ն արդեն լիովին պատրաստ էր միջուկային զենք ստեղծելու համար։ ԱՄՆ-ն պնդում էր, որ Ճապոնիան 1960-ականներին տրամադրել է պլուտոնիումը զուտ հետազոտական աշխատանքների, այլ ոչ թե ռեակտոր կամ միջուկային զենք ստանալու։
Իր հերթին, Չինաստանի ԱԳՆ-ն 2014-ի հունվարի կեսերին հանդես էր եկել հերթական հայտարարությամբ՝ պահանջելով Ճապոնիայից արհեստականորեն չձգձգել պլուտոնիումի վերադարձը ու շեշտելով, որ ճապոնական կողմի ունեցած պաշարներով հնարավոր է պատրաստել 50 ատոմային ռումբ։ Չինաստանի հայտարարությունից հետո փետրվարի ընթացքում ԱՄՆ-ն սկսեց ճնշումներ գործադրել Ճապոնիայի վրա։
Այնուհանդերձ, Ճապոնիայի իշխանությունները սկզբնական շրջանում կտրականապես հրաժարվում էին անգամ բանակցել պլուտոնիումի վերադարձի թեմայի շուրջ՝ հավաստիացնելով, որ դրա վերադարձը հարված կհասցնի երկրի գիտական առաջընթացին։ Բանակցությունները մեկնարկեցին միայն 2013-ի վերջին, երբ ամերիկյան կողմն անհանգստություն հայտնեց, որ այդ պաշարները կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *