Ինքս որոշեցի Ավստրալիայից վերադառնալ Հայաստան և ծառայել բանակում. շարքային Պետրոսյան

Ռազմինֆոն այս անգամ զրուցել է Ավստրալիայից Հայաստան վերադարձած և ներկայում Արցախի պաշտպանության բանակում ծառայող շարքային Տիգրան Պետրոսյանի հետ։

20-ամյա շարքային Պետրոսյանը շուրջ 5 տարի Ավստրալիայում բնակվելուց և այնտեղ բարձրագույն կրթություն ստանալուց հետո նախընտրել է վերադառնալ հայրենիք և այստեղ մշտական բնակություն հաստատել։ Սահմանված կարգով նա արդեն զորակոչվել է զինված ուժեր։

Շարքային Տիգրան Պետրոսյան

Շարքային Տիգրան Պետրոսյան

Որոշել եք վերադառնալ Հայաստան և այստեղ բնակվել։ Ի՞նչն էր այդ որոշման պատճառը։

5 տարի Հայաստանից դուրս ապրելով՝ հասկացա, որ ինչ-որ բան պակասում է, ինձ լիարժեք երջանիկ չէի զգում, թեև ապահովված էի ամեն ինչով, սովորել եմ լավ համալսարանում, իմ սիրած աշխատանքով էի զբաղվում, սակայն երկար մտածելուց հետո որոշեցի վերադառնալ Հայաստան ու այստեղ ապրել, ընտանիք կազմել։ Որևէ փաստաթղթային խնդիր չեմ ունեցել, այլ ինքս որոշել եմ վերադառնալ հայրենիք, խիղճս ավելի հանգիստ է, ինձ ավելի լավ եմ զգում, թեև Ավստրալիայում, անկեղծ ասած, կյանքն ինձ համար ավելի բարեկեցիկ էր։

Իսկ Ձեզ տրամադրե՞լ էիք բանակում ծառայությանը։

Այո, իհարկե, ես պատրաստ էի ծառայության, տրամադրված էի։ Ծառայությունից խուսափելու միտք երբեք չեմ ունեցել, եթե ունենայի, չէի էլ վերադառնա։

Ծառայությունից որքա՞ն ժամանակ առաջ եք վերադարձել հայրենիք, փոփոխություններ զգում էիք։

Վերադարձել եմ 2013-ի ամռանը։ Մոտ 4-5 ամիս անց էլ զորակոչվեցի բանակ։ Փոփոխությունների առումով, այո, իհարկե, զգալի փոփոխություններ կան։ Կարծում եմ՝ ծառայելուց հետո էլ ավել փոփոխություններ կտեսնեմ։

Երկար տարիներ հեռավոր երկրում ապրելուց հետո ինչպե՞ս էր զորակոչվելուն պատրաստվելու գործընթացը, ինչպե՞ս էիք հարմարվում այստեղ կյանքին։

Թեև բացակայել եմ մոտ 5 տարի, սակայն արտասահմանում էլ փորձել եմ ապրել ինչպես հայաստանցի, այսինքն՝ չեմ հեռացել իմ անցյալից։ Այնպես որ վերադարձս կտրուկ չէր, թեև տարիները, ամեն դեպքում, իրենց հետքը թողել էին։ Մի փոքր երկար ստացվեց նախազորակոչային ստուգումները, որոշ դեպքերում անտեղի կանչում էին, որոշ հարցերում մի փոքր խառնաշփոթ էր, ինչը հետևանք էր իմ ժամկետը լրացած անձնագրի։ Ի վերջո, բյուրոկրատական քաշքշուկներից հետո կարողացա մեկնել ծառայության։

Դուք արդեն զինծառայող եք, տվել եք զինվորական երդում։ Ի՞նչ զգացողություններ էին։

Շատ հպարտ եմ և ուրախ։ Զինվորական երդումը ցանկացած տղամարդու կյանքում յուրահատուկ տեղ ունի, և ես երկար այդ մասին կհիշեմ։

Որո՞նք են հիմնական դժվարությունները ծառայության ընթացքում։

Անկեղծ ասեմ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ծառայում եմ, սակայն դժգոհություններ չունեմ, դեռ լուրջ դժվարությունների չեմ հանդիպել։ Սիրեցի բանակային կերակուրները, շատ է դուրս եկել հատկապես մեր համազգեստը, կցանկանամ հնարավորինս շուտ սկսել կրակային պարապմունքները։ Առայժմ միայն դրական էմոցիաներ են, նորից եմ ասում՝ իրոք ուրախ եմ։ Միայն կարոտն է, որ իրեն զգացնել է տալիս, թեև երկար տարիներ ազգականներիցս հեռու եմ եղել, սակայն ամեն դեպքում կարոտի զգացումը մոտս բավական կենդանի է։

Ասացիք, որ բանակային կերակուրները հավանել եք, ո՞րն է ամենահամեղը։

Կարծում եմ՝ նախաճաշին մատուցվող պանիրն ու հացը լավագույնն են։

Իսկ ինչպես հարմարվեցի՞ք վաղ վերկացին։

Ավստրալիայում իմ վերկացը 05։00-ի սահմաններում էր, այնպես որ այստեղ ամեն ինչ ավելի մարդասիրական է (ժպտում է)։

Զինատեսակների՞ց որն եք սիրում։

Ես ավտոմեքենաների սիրահար եմ, մասնագիտությունս էլ այդ ոլորտից է։ Բնականաբար, կուզեի որպես վարորդ ծառայել, վարել Ուրալ, ԿամԱԶ կամ Սատկո բեռնատարներ։ Շատ եմ սիրում նաև տանկերը։

Ի՞նչ կասեք որպես վերջաբան։

Բարի ծառայություն բոլորին, բարի վերադարձ։

One response to “Ինքս որոշեցի Ավստրալիայից վերադառնալ Հայաստան և ծառայել բանակում. շարքային Պետրոսյան

  1. Pingback: Young Man Leaves Australia, Joins Armenian Armed Forces | theGampr

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *