Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ «Վերտալյոտի Ռոսսիի» ռուսաստանյան հոլդինգը սկսել է Մի-17Բ-5 բազմանպատակային ուղղաթիռների տրամադրումն Աֆղանստանին և Հնդկաստանին։ Ընդ որում, Աֆղանստանը ստացել է 3, իսկ Հնդկաստանը՝ 19 միավոր նման ուղղաթիռներ։
Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Աֆղանստանի հետ ուղղաթիռների գնման պայմանագիրը կնքվել է 2013-ի դեկտեմբերին, սակայն պայմանագրում որպես պատվիրատու ներկայանում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ռուսական կողմը ներկայացնում է «Ռոսօբորոնէքսպորտը»։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է տրամադրել 63 միավոր Մի-17Բ-5՝ ահաբեկչության դեմ պայքարում կիրառելու նպատակով։
Այս համաձայնագիրը ենթադրում է 30 միավոր Մի-17Բ-5-ների տրամադրում Աֆղանստանին։ Պայմանագրի համաձայն Աֆղանստանն առաջին խմբաքանակը՝ 12 միավոր Մի-17Բ-5, ստացել է 2013-ին։
Նկատենք, որ դեռևս 2011-ին ու 2012-ին Աֆղանստանը ՌԴ-ի հետ երկու պայմանագիր էր կնքել, որոնց համաձայն ստացել էր 33 միավոր Մի-17Բ-5։
Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա վերջինիս հետ պայմանագիրը կնքվել է 2012-ի դեկտեմբերին, այն ենթադրում է 59 միավոր Մի-17Բ-5 ուղղաթիռների տրամադրում։ 2013-ին «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել է Հնդկաստանին 80 միավոր Մի-17Բ-5-երի փոխանցումը, որն իրականացվում էր դեռևս 2008-ին կնքված, 1.3 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում։
Հնդկաստանի ՊՆ-ն ներկա դրությամբ դիտարկում է այս ուղղաթիռների մի մասը պաշտոնատար անձանց համար որպես փոխադրամիջոց օգտագործելու հնարավորությունը։
Նշենք, որ Մի-17Բ-5 ուղղաթիռները Մի-8/17-ի արդիականացված տարբերակն են, դրանք արտադրում է Մոսկվայի ուղղաթիռաշինական գործարանը Կազանի նմանատիպ գործարանի հետ համատեղ։ Դրանք ի սկզբանե նախատեսված են եղել մարտական կիրառման համար տարբեր հակամարտություններում, ուստի զարմանալի չէ, որ դրանց մեծ խմբաքանակ է գնել հենց Աֆղանստանը։
Իրենց նախորդ մոդելներից Մի-17Բ-5-երը տարբերվում են ՎԿ-2500 նոր շարժիչներով, ավելացված բեռնատարողությամբ։
Ռուսական աղբյուրների տվյալներով՝ ներկայումս աշխարհի շուրջ 80 երկրներում շահագործում են Մի-8/17 ընտանիքի 2400 միավոր ուղղաթիռներ։