ՌԴ օդուժը ստացել է 12 միավոր Սու-35Ս կործանիչներ

Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը փետրվարի 12-ին համալրվել է 12 միավոր նոր Սու-35Ս կործանիչներով։ Ընդ որում, ինքնաթիռներն արդեն ընդգրկվել են Խաբարովսկի շրջանի՝ Ջեմգի օդակայանում տեղակայված 23-րդ ավիացիոն գնդի կազմում։

Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Յուրի Գագարինի անվան գործարանում անցկացված կործանիչների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Միացյալ ավիաշինական գործարանի նախագահ Միխայիլ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին ՌԴ ՌՕՈւ-ն ստացել էր Սու-35Ս կործանիչների առաջին խմբաքանակը. փետրվարյան հանձնման արարողությունից հետո ներկայումս ՌԴ ՌՕՈւ-ն ունի 34 միավոր նման կործանիչներ։

Եթե հետևենք ՌԴ ՌՕՈւ հրամանատարական կազմի ներկայացուցիչ Վիկտոր Բոնդարևի խոսքերին, ապա 2014-ին զինվորականներն ընդհանուր առմամբ պետք է ստանան 14, իսկ 2015-ին՝ ևս 14 միավոր Սու-35Ս։

Հավելենք նաև, որ Սու-35Ս-երի պայմանագիրը կնքվել է դեռևս 2009-ին։ Ըստ դրա՝ ինքնաթիռների տրամադրման գործընթացը պետք է ավարտվի 2015-ին։ ՌԴ զինուժը մտադիր է նոր պատվերներ տալ, նախնական տվյալներով՝ ևս 48 միավոր Սու-35Ս։

Սու-35Ս-ը բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է «Սուխոյ» ավիաշինական գործարանում։ Սու-35Ս-ը ռուսական օդուժի համար նշվող մոդիֆիկացիան է։

Առաջին թռիչքը կատարել է 2008-ի փետրվարին։ Երկարությունը 22.18 մ է, թևի բացվածքը՝ 14.75 մ, անձնակազմը՝ 1 հոգի։ Բացում է մինչև 2500 կմ/ժ արագություն։

Սու-35Ս-ի սերիական արտադրությունը մեկնարկել է 2011-ին, մինչ օրս ինքնաթիռը պետական փորձարկումներ է անցնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *