Ռուսաստանը Սիրիա է ուղարկել տրանսպորտային միջոցներ՝ քիմիական զենքի դուրսբերման համար

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել տրանսպորտային միջոցներ, որոնք անհրաժեշտ են երկրից քիմիական զենքի՝ ոչնչացման ենթակա պաշարները դուրս բերելու համար։ Բացի այդ, ՌԴ-ն ապագայում հնարավոր է նյութական հավելյալ օգնություն ցուցաբերի Սիրիային։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում անելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի խոսքերին, Ռուսաստանը Լաթակիա է ուղարկել 50 միավոր բեռնատարներ, 15 միավոր զրահապատ բեռնատարներ, ինչպես նաև վրաններ, դաշտային խոհանոցներ և այլն։

ՌԴ դեսպանը Սիրիայում տեղեկացրել է՝ ռուսական տեխնիկայի 10 խմբաքանակ արդեն իսկ Սիրիայում է, մի մասն էլ ծրագրվում է ուղարկել 2013-ի վերջին։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տնօրենի խոսքերով՝ երկբաղադրիչ քիմիական զենքի պաշարները դուրս են բերվելու Սիրիայի տարածքից դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ ոչնչացվելու են մինչև 2014-ի մարտի 31-ը։ Քիմիական զենքի մյուս տեսակները նախատեսված է երկրից դուրս բերել 2014-ի փետրվարի 5-ից ոչ ուշ, ոչնչացնել՝ 2014-ի հունիսի 30-ից ոչ ուշ։ Բացառություն է կազմում միայն իզոպրոպանոլը, որն էլ, ըստ երևույթին, ոչնչացվելու է 2014-ի մարտից ոչ ուշ։

Նշենք, որ 2014-ի ընթացքում Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ծրագրել է ոչնչացնել շուրջ 1300 տոննա թունավոր նյութեր, որոնցից 800 տոննայի ոչնչացումը վստահվելու է առևտրային կառույցներին։ Նման որոշում է ընդունվել, երբ քիմիական զենքի ոչնչացման բուն գործընթացին մասնակցելուց հրաժարվել են ՌԴ-ն, Թուրքիան, Հորդանանը, Նորվեգիան, Ալբանիան, Ֆրանսիան և Բելգիան։ Պաշարների ոչնչացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել արդեն իսկ 35 մասնավոր ընկերություններ։ Նրանցից ընտրվելու են մի քանիսը մրցութային սկզբունքի հիման վրա։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *