Ղուբայի զինծառայողներին ստիպել են Ալիևի համար մաքրել փողոցները

Վերջերս ադրբեջանական որոշ լրատվակայքերի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի Ղուբայում տեղակայված զորամասն ու դրա հրամանատարական կազմը` տխրահռչակ հրամանատարի պատճառով։

 

Իլհամ Ալիևը՝ Ղուբայում

Իլհամ Ալիևը՝ Ղուբայում

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հայտնած տեղեկությունների՝ Ղուբայում տեղակայված ներքին զորքերի զորամասում բարձիթողի իրավիճակ է։ Ըստ աղբյուրի՝ նախընտրական արշավի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Իլհամ և Մեհրիբան Ալիևների այցի նախօրեին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հրահանգով ՆԶ զորամասի զինծառայողներին հանել են զորամասից։ Ապա նրանց հարկադրել են վերցնել ավելներն ու մաքրել քաղաքի փողոցները։ Լրատվակայքի վկայությամբ՝ զինծառայողների հետ միասին փողոցների մաքրման աշխատանքներին են ներգրավվել տեղական դպրոցների աշակերտները՝ սկսած 5-րդ դասարանից։ Ադրբեջանական լրատվամիջոցը շեշտում է՝ անհասկանալի է՝ այդ դեպքում ինչի՞ համար է քաղաքապետարանը։

Հավելենք, որ Ղուբայի ՆԶ նույն զորամասի հրամանատարը, համաձայն մամուլի տվյալների, բազմիցս աչքի է ընկել իր ոչ պարկեշտ պահվածքով: Նա ուշ երեկոյան ժամերի զորամասի սպաներից ոմանց հետ հաճախ է այցելում տեղի «Յուքսել» (Yüksəl) ռեստորան և այնտեղ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք պատվիրում։ Տեղացիների վկայությամբ՝ մինչ օրս մի քանի դեպք է գրանցվել, երբ հրամանատարը ռեստորանում հարբել է ցերեկային, այսինքն՝ ծառայության ժամերին, այնուհետև հարբած վիճակում վերադարձել զորամաս։ Աղբյուրը հաղորդում է նաև, հրամանատարի՝ այդ ռեստորանում կատարած պատվերների հաշիվը ժամանակ առ ժամանակ վճարում է տեղական ինքնակառավարման մարմինը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *