Գաղտնազերծվել են Տ-72 տանկի մասին որոշ տվյալներ

Տ-72 տանկեր արտադրող «Ուրալվագոնզավոդ» գործարանը գաղտնազերծել է տանկերի մասին տեղեկությունները, ինչպես նաև դրանց ստեղծման պատմությունը։

Ըստ այդ տեղեկությունների՝ սերիական արտադրության սկզբից՝ 1974-ից, մինչև 1990-ը «Ուրալվագոնզավոդը» թողարկել է ոչ պակաս, քան 20.500 միավոր Տ-72։ Այս մասին հայտնել է Ուրալի տրանսպորտային մեքենաշինության նախագծման բյուրոյի առաջատար կոնստուկտոր Դմիտրի Կոլմակովը՝ ներկայացնելով «Ուրալվագոնզավոդի մարտական մեքենաները. Տ-72/Տ-90 տանկերը» գիրքը։

Տ-72 տանկերի արտադրման ամենամեծ քանակը եղել է 1985-ին. այդ տարի արտադրվել է շուրջ 1599 տանկ։ Ըստ կոնստրուկտորի՝ գրքում կարելի է գտնել այլ հետաքրքիր մանրամասնություններ տանկի մասին, որոնք մինչ այժմ չէին հրապարակվել։

Տ-72 տանկը զինված է 125 մմ հարթափող թնդանոթով, ինչպես նաև թնդանոթին կցված 7.62 մմ գնդացրով ու 12,7 զենիթային գնդացրով։ տանկի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, շարժիչի հզորությունը՝ 780 (արդիականացված տարբերակներում՝ 840) ձիաուժ։ Տանկի գինը տատանվում է 1-2 մլն ԱՄՆ դոլարի միջև՝ կախված արդիականացումից։

1973-ի օգոստոսի 8-ին ԽՍՀՄ սպառազինության մեջ ընդգրկված Տ-72-ը ներկայումս աշխարհի 37 երկրների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ է ընդգրկված։ Բացի ԽՍՀՄ-ից, տանկը արտադրվել է նաև Հնդկաստանում, Իրաքում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Իրանում։ Աշխարհում արտադրվել է այս տիպի շուրջ 30 հազար տանկ։ Տանկը կիրառվել է շուրջ 20 պատերազմներում ու զինված հակամարտություններում, այդ թվում նաև Արցախյան պատերազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *