Սպանված գործարարի մայրը մեղադրում է Շամխորի կորպուսի հրամանատար Աքպերովին

Ադրբեջանի Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի մեդիա կենտրոնում մամուլի ասուլիս է տվել 2001-ին Կիևում սպանված գործարար Էլչին Ալիևի մայրը։
Սամայա Ալիևան փաստել է՝ չնայած որ իր որդու մահվանից անցել է 12 տարի,սպանության գործում որևէ մեղավոր չեն գտել, ու ոչ ոք չի պատժվել։

Ռովշան Աքպերով

Ռովշան Աքպերով

Ալիևայի խոսքերով՝ իր որդու մահվան հարցում առաջին մեղավորը Շամխորի բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերով է, որը 2000-ականների սկզբին ուսանում էր Կիևի ռազմական ակադեմիայում։

Ալիևան վկայում է՝ իր որդու ու Աքպերովի միջև վեճ է ծագել, սակայն դրա իրական պատճառներն իր համար անհայտ են մնում։ Սպանվածի մայրն ասել է, որ Աքպերովի մեղավորության մասին տեղեկությունը լսել է Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայումս Սփյուռքի հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Նազըմ Իբրահիմովից։

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քննում էր այս գործը շուրջ 4 տարի։ Սամայան հարցում է ուղղել դատախազությունը՝ ստանալով հետևյալ պատասխանը. «քննիչները, որոնք զբաղվել են Ձեր որդու սպանության գործով, հավաքել են ապացույցներ։ Ըստ դրանց՝ Աքպերով Ռովշան Թելամ օղլուն մեղավոր է Էլչին Ալիևի սպանության մեջ»։
Այնուհանդերձ, 2005-ին գործն ուղարկվել է Բաքու՝ ռազմական դատարան, որը փաստացիորեն կասեցրել է գործը՝ առանց հիմնավորումների։

Այնուհետև, ընտանիքի անդամների պնդումների շնորհիվ՝ գործը ռազմական դատարանից ուղարկվել է Ադրբեջանի գլխավոր դատախազություն։

Որոշ ժամանակ անց ներկայումս հանգուցյալ փաստաբան Իսահան Աշուրովին հաջողվում է հարցը բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մակարդակով։ Եվրոպական դատարանից, ի զարմանս սպանվածի հարազատների, պատասխանել էին՝ Ազեր Իբրահիմով անունով քննիչի ներկայացրած փաստերի հիման վրա գործը փակված է, սակայն հարազատները տեղեկացվել են պատասխանի մասին միայն 2010-ին։ Ապա գործով սկսել է զբաղվել փաստաբան Էլթոն Գուլիևը։ Ներկա դրությամբ սպանվածի մայրը սպասում է Բաքվի վերաքննիչ դատարանի պատասխանին՝ արդյոք գործը լսվելու է Նասիմիի շրջանի դատախազությունում, թե ռազմական դատարանում։

Բացի այդ, Սամայա Ալիևան դիմում է հղել նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով ապահովել գործի բացահայտման անաչառ գործընթացը։

Հիշեցնենք, որ Ռովշան Աքպերովը մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։
Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *