«Պատերազմի դեպքում իրանցի մահապարտները թանկ կնստեն ԱՄՆ-ի վրա». իրանագետ

Մինչ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարում է, որ Արաբական ծով մտնող «Կառլ Վինսոն»  ատոմային ավիակիրը գնում է փոխարինելու «Ջոն Սթենիսին» և դա բնավ մոտեցող պատերազմի նշան չէ, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շրջայց է կատարում լատինական ամերիկայի դաշնակից երկրներով, Ռուսաստանն ու Չինաստանն էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման դեմ են հանդես գալիս՝ հարցն առավել քան արդիականանում է՝ կլինի արդյոք պատերազմ կասպյան տարածաշրջանում:

-Քանի դեռ ԱՄՆ-ում ընտրությունները չեն ավարտվել՝ ամերիկաիրանական պատերազմի հավանականությունը փոքրանում է, քանի որ դա կազդի ընտրությունների արդյունքի վրա և ձեռնտու չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային,- Razm.info-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Իրանի ատոմային ծրագրին՝ Գոհար Իսկանդարյանը համոզված է, որ Իրանի նպատակը գիտական նվաճման հասնելն է և երբ իրավիճակը հասնի «կարմիր գծին», ապա պատերազմի հավանականությունը կզրոյանա, քանի որ Իրանն այդուհետ միջուկային երկիր կլինի:

-Այսօր գերտերություններն ավելի շատ ազդեցության գոտիները հստակեցնելու խնդիր ունեն: Մի կողմից խաղում են ԱՄՆ-ն ու Եվրոպան, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Չինաստանը և նրանց են միանում դաշնակիցները՝ Իրանը, Սիրիան, Արաբական երկրները: Պատերազմի հավանականության փոքրացմանը կարող է նպաստել նաև այն, որ ԱՄՆ-ն շատ լավ գիտակցում է Իրանի՝ շիա-մահմեդականների երկիր լինելու «վտանգները», քանի որ շիաները կարող են նահատակվել գաղափարի համար, կարող են լինել մահապարտներ և «թանկ նստել» ԱՄՆ-ի վրա,- անդրադառնալով հավանական դաշինքների ձևավորմանը՝ նշեց Գոհար Իսկանդարյանը:

Մեր զրուցակիցը գրեթե բացառեց, որ Թուրքիայի տարածքից Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ կիրականացվեն, քանի որ, ըստ Գոհար Իսկանդարյանի, Թուրքիան նման խոստում է տվել Իրանին և չի ցանկանա թիրախ դառնալ հենց Իրանի համար:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի ռազմական ղեկավարությունը զգուշացրել էր նաև Ադրբեջանին, որ եթե վերջինս իր տարածքում տեղակայի ամերիկյան ռազմատեխնիկա, ապա թող պատրաստ լինի Իրանից հարվածներ ստանալուն:

Անդրադառնալով Իրանի ներքաղաքական վիճակին և Ահմադինեժադի իշխանության դեմ բողոքողներին՝ իրանագետը համոզմունք հայտնեց, որ դրսի ուժերը ներքին խժդժություն հրահրելու մեծ հնարավորություն չունեն, որը կրկին պայմանավորեց շիիզմով, իսկ այն արտաքին վտանգի դեպքում կստիպի միավորվել և միասնաբար պայքարել արտաքին թշնամու դեմ:

Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցի փակման հետևանքներին՝ Գոհար Իսկանդարյանը նշեց.

-Եթե Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակվի՝ արևմուտքն ուժի միջոցով կբացի այն: Սակայն, դժվար թե դա վերաճի երկարատև պատերազմի և կարող է սահմանափակվել կետային հարվածքներով: Բայց այն կարող է և ձնագնդիի էֆեկտով մեծանալ և պատերազմի հանգեցնել:

Հ. Գ. Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ատոմային զենք ունեն ԱՄՆ-ն (փորձարկել է 1945թ.), Ռուսաստանը (որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, զենքն ունի 1949թ.) Մեծ Բրիտանիան (1952թ.-ից), Ֆրանսիան (1960թ.-ից), Չինաստանը(1964թ.-ից), Հնդկաստանը (1974թ.-ից), Պակիստանը (1998թ.-ից), Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը (ատոմային զենքի ստեղծմասն մասին առաջին անգամ հայտարարել է 2005թ., փորձարկել է՝ 2006թ.), իսկ Իսրայելը իր՝ ատոմային զենք ունենալու մասին տեղեկությունները չի մեկնաբանում, սակայն փորձագետներն այն կարծիքին են, որ Իսրայելն ատոմային պետություն է 1960-70-ական թթ.-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *