«Եկատերինբուրգ» սուզանավը շարք կվերադառնա 2015 թվականից ոչ շուտ

Դեկտեմբերի 29-ին պլանայաին վերանորոգման աշխատանքների ժամանակ հրդեհ էր բռնկվել ռուսական «Կ-84 Եկատերինբուրգ» սուզանավի վրա, որը դժվարությամբ հաջողվել էր մարել միայն ժամեր անց։

Միջադեպից անմիջապես հետո հայտարարվեց, որ սուզանավը շատ չի տուժել, սակայն, արդեն այսօր նշվում է, որ սուզանավի վերանորոգումը 2015 թվականից շուտ չի ավարտվի։ Առավել լավատեսները նշում են 2014 թվականը։ Սա նշանակում է, որ «Եկատերինբուրգը», որի պլանային նորոգումը գրեթե ավարտին էր մոտեցել, այնուամենայնիվ բավականին է շատ տուժել։ Մասնավորապես հայտնի է, որ ոչնչացել կամ լուրջ վնասվել են նավի քթի մասում գտնվող հիդրոակուստիկ համակարգը, արտաքին ծածկույթը, թեթև կորպուսը և բազմաթիվ սարքավորումներ։ Միաժամանակ, կարելի է ասել, որ «Եկատերինբուրգի» բախտը բերել է, կրակը չի թափանցել նավի ամուր կորպուսից ներս («Եկատերինբուրգը» երկկորպուսանի նավ է ունի արտաքին, թեթև կորպուս, և ներքին ամուր կորպուս), որի դեպքում վնասներն անհամեմատ ավելի ծանր և հնարավոր է նաև անդառնալի կլիներին։

Հրդեհի պատճառը անվտանգության կանոնների կոպիտ խախտումներն էին եղել. զոդման աշխատանքների ժամանակ սկսել էր այրվել շինարարական փայտամածը, որը պիտի նախապես ծածկված լիներ հրդեհադիմացկուն նյութով։ Բացի այդ տեղում չէին եղել նաև հրդեհաշիջման անհարժեշտ միջոցներ, իսկ աշխատանքների կատարումն էլ, ըստ ամենայնի, չէր վերահսկվել։

Այդ ամենից բացի համացանցում տեղեկություն հայտնվեց նաև այն մասին, որ սուզանավը պլանային նորոգման էր կանգնել հրթիռներով ու տորպեդներով զինված և որ հրդեհի ժամանակ կար տորպեդների պայթելու իրական վտանգ։ Այդ մասին իր բլոգում գրել էր, որպես Միխաիլ Բատանով ներկայացած մի բոլորին անհայտ և նախկինում ակտիվություն չցուցաբերած բլոգգեր։ Հասկանալի է, որ նման աղբյուրը չի կարելի վստահելի համարել, նամանավանդ, որ գրառումն ակնհայտ քաղաքական նպատակներ է հետապնդում, բայց այնուամենայնիվ ռուսական բլոգոլորտում քննարկումների ժամանակ մի քանի պակաս կասկածելի մարդիկ հաստատեցին, որ որոշ փաստեր, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը։ Մասնավորապես ռուս ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը նշեց, որ հրթիռների մասին տեղյակ չի, բայց տորպեդներ սուզանավի վրա իսկապես եղել են։

Ամեն դեպքում, այս տեղեկությունը մնում է խիստ կասկածելի առաջին հերթին աբսուրդի անհավանական աստիճանի պատճառով ” սուզանավերը զինված նորոգման են կանգնում միայն վթարային նորոգումների ժամանակ, երբ սպառազինությունը բեռնաթափելու ժամանակ չկա։ Բայց, եթե իսկապես այդպես է եղել, ապա մնում է միայն զարմանալ, թե ինչ բարձիթողի վիճակում են գտնվում թե ռուսական ռազմածովային ուժերը, թե նավաշինական ընկերությունները։ Նման պայմաններում նավը հրաշքով է փրկվել կործանումից։

Նշենք, որ «Եկատերինբուրգը» Ռուսաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող սուզանավ է։ Այն կրում է 16 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Այսօր Ռուսաստանի ռազմածովային ուժերում ծառայում են միայն չորս այդպիսի սուզանավեր, բոլորն էլ «667ԲԴՌՄ Դելֆին» տիպի, որին պատկանում է նաև «Եկատերինբուրգը», և «Եկատերինբուրգը» նորոգումից հետո կդառնար հինգերորդ այդպիսի սուզանավը։ Գոյություն ունեն ռազմավարական սուզանավերի երկու այլ տիպեր` «941 Ակուլա» և «955 Բորեյ», որոնցից առաջիններն արդեն չունեն հրթիռներ, իսկ երկորդները` դեռ չունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *