Լեոնիդը 10 գլուխ բարձր էր. Հովսեփ Հովսեփյան

21 տարի առաջ այս օրը թշնամու գնդակից զոհվեց «Ազատագրական բանակի» հիմնադիր, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանը։
Այսօր՝ հունիսի 21-ին, նրա կիսանդրու մոտ էին հավաքվել իր մարտական ընկերները, նրան հիշողները։

Azgaldyan

Ռազմինֆոն այնտեղ հանդիպեց նաև Ազգալդյանի անմիջական հրամանատարության տակ կռված Հովսեփ Հովսեփյանին։

Մեր այն հարցին, թե ինչպես է հանդիպել Ազգալդյանին, ազատամարտիկը պատասխանեց. «Երբ Հայաստան եկա, մի քանի օր հետո հանդիպեցի նրան։ Իմ ճանաչած բոլոր հրամանատարներից 10 գլուխ բարձր էր՝ գիտելիքներով, ոգով, պայքարի կազմակերպման մտքով։ Տարբերվում էր։ Վրեժ իր մեջ չկար, միայն մեր ազգի իրավունքների վերականգնումն էր, կորցրած հողերը Հայաստանի մեջ մտցնելն էր»։

(Ձախից աջ) Հովսեփ Հովսեփյան,  Վոլոդյա Ավետիսյան

(Ձախից աջ) Հովսեփ Հովսեփյան, Վոլոդյա Ավետիսյան

Թե ինչպես որոշեց Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ կռվել, Հովսեփ Հովսեփյանը պատասխանեց. «Երբ մենք սփյուռքից եկանք, դեռ Սովետական Միությունն էր, ԿԳԲ կար, որ հետապնդում էր այն տղաներին, ովքեր զինյալ պայքարի էին դուրս եկել։ Հանդիպեցինք, խոսեցինք։ Շատ հրամանատարների հանդիպեցինք, բայց մի քանի սփյուռքահայ ընկերներով տեղանքը, լեզուն լավ չիմանալու պատճառով որոշեցինք հենց Լեոնիդի հետ կռվել»։

Ըստ Հովսեփյանի հիշողությունների՝ Լեոնիդի հետ ամեն ինչ հետաքրքիր էր։ «Ինչքան ժամանակ իր հետ անցկացրի, ինձ համար դաստիարակություն էր։ Մարդը իր համար արժեք ուներ, նա ամեն ինչ անում էր, որ մենք մարդկային զոհ քիչ ունենանք։ Հիմա հրամանատարներ կան, որ գլուխ են գովում, որ այսքան զոհ ենք տվել։ Ճիշտ հակառակը պետք է լիներ»- նշեց Հովսեփյանը։

«Ինչքան շատ քրտինքն եք թափում մարզումների ժամանակ, այնքան քիչ արյուն կթափեք կռվի ժամանակ»։

Հովսեփյանի պնդմամբ սա Լեոնիդ Ազգալդյանի ամենամեծ դասն է եղել իր համար։ «Մեզ չարչարում էր, մարզում էր, որ ճիշտ քայլ անենք։ Հայաստանի ամենամեծ հարստությունը հայերն են, ասում էր Լեոնիդը։ Կռիվը պետք է խելոք ձևով տանենք»,- հիշեց Հովսեփ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *