Լեոնիդը ժողովրդական հրամանատար էր. 21 տարի առաջ զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը

Այսօր՝ հունիսի 21-ին, լրանում է «Ազատագրական բանակի» հիմնադիր, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 21-րդ տարին։ Նրա մասին լրագրողներին իրեց հիշողությունները պատմեցին «Ազատագրական բանակի» անդամ Գագիկ Գինոսյանը և Ազգալդյանի մարտական ընկեր, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

(Ձախից աջ) Գագիկ Գինոսյան, Վոլոդյա Ավետիսյան

(Ձախից աջ) Գագիկ Գինոսյան, Վոլոդյա Ավետիսյան

«Լեոնիդի զինվորը նժդեհյան զինվոր էր. նա չէր կարող սպանել անզեն կամ գերի ընկած ադրբեջանցուն։ Մենք այդ գերիներին ուղղակի տարել հանձնել ենք կամ փոխանակել։ Լեոնիդն ասում էր՝ կտեսնեք անզեն մարդ, չկրակեք, թողեք, թող գնա»,-պատմեց Գագիկ Գինոսյանը։

«Լեոնիդը կա, մենք դեռ շարունակելու ենք նրանց կյանքը։ Լեոնիդը մեզ համար չասենք կուռք է, բայց նա իր կյանքը տվեց մեզ համար»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Պահեստազորի գնդապետը հիշեց նաև Մարաղայից մի դեպք, թե ինչպես է թշնամին վարվել հայերի հետ։ «Հասկանում եք, մորթել էին մայր ու մանուկ, գազանների հետ գործ ունեինք»,- հավելեց Վոլոդյա Ավետիսյանը։

«Լեոնիդը նախ ազգի զինվոր էր, գաղափար էր։ Ամենազորեղ բանակն անգամ չի կարող պաշտպանել երկիրը, եթե այն պաշտպանված չի ժողովրդով։ Լեոնիդը ժողովրդական հրամանատար էր։ Լեոնիդի կերպարը ավելի քան այսօր պետք է»- նշեց Գագիկ Գինոսյանը։

Գինոսյանը հիշեց նաև, թե ինչպես է Լեոնիդ Ազգալդյանը մինչև մարտական գործողությունների սկիզբը Արագածի փեշերին իր ընկերների հետ նոր զենք ստեղծում։

«Նա անկախ Հայաստանի առաջին զենք ստեղծողն էր Ալեքսանդր Թամանյանի, Կարեն Գրիգորյանի հետ։ Նրանք առանց Ազատության հրապարակի հարթակներում կուրծք ծեծելու գնացին ու զենք ստեղծեցին։ Սեփական ուժերով ինքապաշտպանություն կազմակերպելու օրինակ էր։ Եվ հիմա էլ քանի դեռ մենք մեր հույսը դրել ենք դաշնակիցների վրա, ամեն օր, ամեն ակնթարթ կարող ենք զոհվել։ Քանի դեռ ինչ-որ հենակետերի, ռազմաբազաների վրա ենք հույսներս դնում, մենք կզոհվենք որպես պետություն»։

«Տղաների հետ մեքենայով գնալիս նկատել են ճախրող արծիվ, դուրս են եկել մեքենայից։ Տղաներից մեկը հրացանը ուղղել է ճախրող արծվին, Լեոնիդը իջեցրել է այն և ասել՝ երբեք ոչ մեկի ճախրանքը չընդհատեք, չմոռանաք, որ դա մեր զինանշանի թռչունն է»,- պատմեց Գագիկ Գինոսյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *