Հայաստանը Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկ կվերցնի սպառազինության գնման նպատակով. Նախագիծ

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանին վարկ տրամադրելու մասին համաձայնագրի նախագծով՝ Ռուսաստանը 100 մլն ամերիկյան դոլարի նոր վարկ է տրամադրելու Հայաստանին՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման համար: ՀՀ կառավարությունը նախագծին հավանություն է տվել հոկտեմբերի 12-ի նիստի ընթացքում:

Ըստ համաձայնագրի՝ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր  կկնքեն վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեռևս 2017-ի հուլիսին ՀՀ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։

Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Այդ համաձայանագրով՝  Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *