Հոկտեմբերի 11-ին Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին Թեհրանում հանդիպել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանին։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Ահմադ Ռեզա Փուրդասթանը հույս է հայտնել, որ կմշակվեն համապատասխան մեխանիզմներ՝ ուսումնական ոլորտում համագործակցությունը ընդլայնելու, համատեղ ցամաքային, օդային և ծովային վարժանքներ, մրցումներ կազմակերպելու համար։
Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին քառօրյա այցով Իրանում է հոկտեմբերի 9-ից։
Ավելի վաղ Օբայդանին հանդիպել էր այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆիի, Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ և «Իրան-Օման ռազմական բարեկամության ընդհանուր կոմիտեի» նախագահ Ղադիր Նեզամիի հետ։
Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատարը այցելել է նաև շահիդ Լաշքյարի անվան ՌՕՈւ բազա։ Օբայդանին այցելելու է նաև շահիդ Սաթթարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա։
Նշենք, որ Օմանը, ի տարբերություն տարածաշրջանի արաբական մյուս երկրների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։
2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:
Երկու երկրները հաճախ անցկացնում են նաև համատեղ ծովային զորավաժություններ (1, 2)։