Թուրքիայի զինուժը զրահատեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը թրթուրավոր զրահափոխադրիչների և զրահամեքենաների նոր խմբաքանակ է տեղակայել երկրի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի սահմանապահ ստորաբաժանումներում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ զրահափոխադրիչները թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի ԶՈւ զրահափոխադրիչները թուրք-սիրիական սահմանին

Հիշեցնենք, որ հենց նույն օր արդեն Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ զինուժը հետախուզական գործողություններ է սկսել՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ցամաքային զորք տեղակայելու համար:

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան դեռևս ցամաքային ուժեր չի մտցրել Իդլիբ, սակայն պատրաստվում է գնալ այդ քայլին:

Այս տարվա սեպտեմբերի 14-15-ին Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել Իդլիբում 4-րդ «ոչ բախումային գոտին» ստեղծելու վերաբերյալ: Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի զինուժը հսկելու է հրադադարի պահպանմանը նահանգի տարածքում, իսկ Ռուսաստանի զինուժը՝ նահանգի սահմաններին:

Նշենք, որ Իդլիբ նահանգը ներկայում Սիրիայի ամենակտիվ բախումային կենտրոններից է: Այնտեղ գործում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, հատկապես ակտիվ է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Նախկինում՝ Ան-Նուսրայի ճակատ») խմբավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *