«Փոխգործակցություն – 2017» պլանային զորավարժությանը ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից ներգրավվել են ավելի քան 2500 զինծառայող և շուրջ 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
«Փոխգործակցություն-2017-ը» անցկացվում է «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը» թեմայով:
Հիմնական նպատակը ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամակազմերի ու ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն է:
Զորավարժությունը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին, և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը:
Այն «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է:
Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը և մասնակից պետությունների բարձրաստիճան զինվորականներ: