Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը լուրջ ռազմական գործողություն է սկսել. նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան դեռևս ցամաքային ուժեր չի մտցրել Իդլիբ, սակայն պատրաստվում է գնալ այդ քայլին: Էրդողանի հայտարարությունը փոխանցում է թուրքական «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաընկերությունը:
Էրդողանը նշել է, որ այս պահին Սիրիայում կայունության ապահովման շուրջ համագործակցում են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Նա նաև վերահաստատել է, որ Իդլիբի ներսում «կայունությունը կապահովեն» թուրքական զինուժի ստորաբաժանումները, իսկ դրսից՝ ՌԴ զինուժը:
«Ռուսաստանն օդից, իսկ Թուրքիայի զինված ուժերը սահմանի ներսից են օժանդակում», – նշել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիան զորքերը պատրաստ պահում է Սիրիայի հետ սահմանին՝ ամեն վայրկյան Սիրիա մտնելու և Իդլիբ շարժվելու համար. Այս մասին հայտնի է դառնում «Հաբեր թյուրքի» համապատասխան ռեպորտաժից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Էրդողանը հայտարարել էր, որ Իդլիբի «ոչ բախումային գոտու» ներսում ծառայություն են իրականացնելու Թուրքիայի զինված ուժերը, իսկ դրա սահմաններից դուրս՝ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները:
Նույն օրը թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը հայտնել էր, որ Թուրքիան արդեն իսկ հատուկ նշանակության ջոկատ է ուղարկել Իդլիբ:
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 7-ի իր հայտարարությունում նաև նշել է, որ իրենք «թույլ չեն տա իրենց սահմանի երկայնքով Սիրիայի տարածքում ահաբեկչական միջանցքի ձևավորմանը»: Ըստ երևույթին այստեղ խոսքն արդեն Սիրիայի քրդական ուժերի մասին է, որոնց Անկարան համարում է PKK-ի «սիրիական թև»: Սակայն այս ուժերին աջակցում է Միացյալ Նահանգները, ինչն առայժմ Թուրքիային թույլ չի տալիս լայնածավալ ռազմական գործողություններ սկսել նրանց դեմ: