Սեպտեմբերի 7-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2021 թ. երկարաձգելու որոշման նախագծին: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը ընդունվել է 2014-ին և գործում է 2015-ի հունվարի մեկից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Օրենքի գործունեության ժամկետը լրանում էր 2018-ին: Նախագծի հաստատվելու դեպքում՝ սահմանամերձ համայնքներում կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:
Ըստ դրա նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝
- Հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում,
- Հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում,
- Ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
- Սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում: