ՀՀ ՊՆ-ն դրական է գնահատում պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու «Ելքի» առաջարկը. «Արմենպրեսս»

ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած՝ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին. առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային ծառայություն անցնողներին։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ցանկացած օրենսդրական նախաձեռնության, որը միտված կլինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը և զինծառայողի մասնագիտության գրավչության բարձրացմանը, այդ թվում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ կատարելու առաջարկությանը»,- նշել է նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում պայմանագրային զինծառայողների արտոնությունների մասով համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ դրույթը ներառված է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարության» նախագծում:

Նշենք, որ «Գույքահարկի մասին» գործող օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասով գույքահարկից ազատվում են ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող անձինք։ Գործող օրենքը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում՝ 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, ինչն էլ նախատեսվում է փոխել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *