Սեպտեմբերի 7-ին Բաքվում կհանդիպեն ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Բաքվում կհանդիպեն ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը և Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:  Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը:

Հանդիպման որոշումը կայացվել է ընթացիկ տարվա մարտի 3-ին կողմերի միջև հեռախոսազրույցի արդյունքում:

Նկատենք, որ սա ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև 2014 թ. մարտին հարաբերությունների սառեցումից հետո նման բարձր մակարդակի առաջին հանդիպումն է: 2014 թ. կողմերը հարաբերությունները դադարեցրել էին ուկրաինական գործընթացների պատճառով:

Հավելենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Այդ ժամանակ ամերիկյան News York Times պարբերականի կայքը հայտնել էր, որ հանդիպման վայրի համար Ադրբեջանն ընտրելուց առաջ կողմերը քննարկել են Մինսկում կամ Մոսկվայում հանդիպելու տարբերակը, ինչը մերժել է ամերիկյան կողմը:

Արևմտյան Եվրոպայում հանդիպում անցկացնել չի ստացվել, քանի որ գեներալ Գերասիմովը Եվրոպայի կողմից պաժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակում է՝ ուկրաինական հակամարտությանն ակտիվ ներգրավված լինելու մեղադրանքով: սրանով բացատրվում էր Ադրբեջանում հանդիպումն անցկացնելու որոշումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *