Իրաքի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի հիմնական մասը

Իրաքի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը, մնացել են միայն հյուսիսային արվարձանները և հարակից մի քանի գյուղեր: Այս մասին հայտարարել է գործողության հրամանատար Աբդել-Ամիր Յարալլան. փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիայի ստորաբաժանումները և աշխարհազորային բրիգադները ազատագրել են Ասկարի, աշ-Շիմալիա, Մուարիդ թաղամասերը, մուտքը դեպի Թալ-Աֆար քաղաք և հարակից գյուղերը: Այդպիսով ազատագրվել են քաղաքի հիմնական թաղամասերը», — ասվում է հրամանատարի հայտարարությունում:

Նա նաև հայտարարել է, որ բանակը շարունակում է առաջխաղաղացումը դեպի հյուսիսային արվարձաններ և հարակից գյուղեր, որոնք դեռևս վերահսկում են ԻՊ զինյալները:

Թալ-Աֆար քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին խոշոր բնակավայրն էր: Քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները մեկնարկել են օգոստոսի 20-ին:

Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունների նախապատրաստման համար Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել էին ավիահարվածներ հասցնել քաղաքում ԻՊ դիրքերին:

Թալ-Աֆար քաղաքը Մոսուլ քաղաքից 50-60 կմ հեռավորության վրա է և ԻՊ զինյալների ձեռքում է 2014-ի կեսերից: Իսկ Մոսուլը Իրաքի բանակը ազատագրել է այս տարվա հուլիսի 9-ին: Թալ Աֆարում բնակչության զգալի հատվածը տեղի թյուրքական ժողովուրդներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *