«Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալները պետք է հեռանան Լիբանանի տարածքից

«Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման շուրջ 200 զինյալ առանց կռվի հեռանալու է սիրիա-լիբանանյան սահմանին հարող Լիբանանի լեռնային Արսալ շրջանից:Այս մասին «ՌԻԱ» լրատվական գործակալությանը հայտնել են Լիբանանի Արսալ քաղաքի տեղական իշխանությունները:

Նման համաձայնություն է ձեռք բերվել լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժման և «Ան-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման միջև:

Մինչ այս սիրիա-լիբանանյան սահմանի լեռնային հատվածներում մարտեր էին ընթանում «Հեզբոլլահի» և ահաբեկչական խմբավորումների միջը: «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հուլիսի 26-ին հայտնել էր, որ շարժումը կարողացել է ահաբեկիչներից ազատագրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Արսալ նահանգի մեծագույն մասը։

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Հուլիսի 21-ից ահաբեկչական խմբավորումների դեմ նաև սիրիա-լիբանանյան սահմանի սիրիական հատվածում գործողություններ էին սկսել «Հեզբոլլահը» և Սիրիայի կառավարական ուժերը:

Հուլիսի 26-ին «Հեզբոլլահ» շարժումը բանակցություններ էր սկսել ահաբեկչական խմբավորումների հետ հրադադարի հաստատման և ահաբեկիչների՝ սիրիա-լիբանանյան սահմանից հեռանալու համար։

Հասան Նասրալլահը հայտարարել էր նաև, որ շարժումը պատրաստ է Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո թողնել սիրիա-լիբանանյան սահմանին ահաբեկչական խմբավորումներից ազատագրած տարածքները։

Ներկայումս, սակայն, մարտական գործողությունները չեն ավարտվել: Հուլիսի 28-ին Լիբանանի ԶՈւ-ից հայտնել են, որ լեռնային շրջաններում կենտրոնացած ահաբեկչական խմբավորումների կողմից արկակոծվել են Լիբանանի բանակի հենակետերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *