«Հեզբոլլահը» ազատագրած տարածքները թողնելու է Լիբանանի ԶՈւ վերահսկողության ներքո

Լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո թողնել սիրիա-լիբանանյան սահմանին ահաբեկչական խմբավորումներից ազատագրած տարածքները։Այս մասին հուլիսի 26-ին հայտնել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, փոխանցում է Reuters գործակալությունը։

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

Նա նաև հայտարարել է, որ «Հեզբոլլահ» շարժումը կարողացել է ահաբեկիչներից ազատագրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Արսալ նահանգի մեծագույն մասը։ «Հեզբոլլահ» շարժումը նաև հայտնել է, որ ահաբեկիչների դեմ գործողություններում սպանվել է շուրջ 150 ահաբեկիչ։ 

Միևնույն ժամանակ հուլիսի 26-ին «Հեզբոլլահ» շարժումը բանակցություններ է սկսել ահաբեկչական խմբավորումների հետ հրադադարի հաստատման և ահաբեկիչների՝ սիրիա-լիբանանյան սահմանից հեռանալու համար։ Դրանց արդյունքում հուլիսի 27-ի առավոտից սկսած հրադադար է հաստատվել Սիրիա-Լիբանան սահմանին։

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան շարժումը 6 օրվա ընթացքում կարողացել է  «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումից ազատագրել Արսալ նահանգի շուրջ 90 քկմ տարածք։ Բացի այդ, Սիրիայի կառավարական բանակի հետ միասին կառույցը վերահսկողություն է սահմանվել Սիրիայի Ֆլիթա շրջանում, որը սահմանակից է Արսալ նահանգին։

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Իրադրությունը սիրիա-լիբանանյան սահմանին 2017-ի հուլիսի 25-ի դրությամբ

Նշենք, որ «Հեզբոլլահ» շարժման զինյալները և Սիրիայի կառավարական ուժերը սիրիա-լիբանանյան սահմանին ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ գործողություններ սկսել են հուլիսի 21-ից։

Ավելի վաղը հայտնի է դարձել, որ Սիրիայի հետ սահմանին՝ հենց Արսալ նահանգում, գործողություններ է իրականացնում նաև Լիբանանի զինուժը:

Ահաբեկչական խմբավորումները Արսալ նահանգի լեռնային տարածքն օգտագործում են դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար: Այդ հատվածներում գործում են հիմնականում «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումները: Դեռևս 2014-ի օգոստոսին ԻՊ զինյալները ներխուժել են Արսալ նահանգի համանուն քաղաք, սակայն լիբանանյան բանակը հետ է մղել նրանց հարձակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *