Թուրքիայի զինուժին հանձնվել է տեղական ավտոմատների երկրորդ խմբաքանակը

Հուլիսի 28-ին թուրքական ռազմարդյունաբերական MKEK ընկերությունը երկրի զինված ուժերին է հանձնել տեղական արտադրության MPT-76 ավտոմատների սերիական արտադրության երկրորդ խմբաքանակը:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մեհմեթչիք-1

Մեհմեթչիք-1

Ավտոմատների հանձման համար արարողություն է կազմակերպվել Քըրքքալեի զենքի գործարանում, որտեղ կազմակերպվում է ավտոմատների արտադրությունը:

Արարողության ընթացքում գործարանի տնօրեն Մեհմեթ Օջաքչիօղլուն հայտարարել է, որ զինված ուժերին մատակարարված առաջին խմբաքանակն ընդգրկել է 200 միավոր  MPT-76 ավտոմատ:

«Մինչ այժմ 1680 ավտոմատ ենք հանձնել համապատասխան մարմիններին: Նախագծի շրջանակներում ընդհանուր առմամբ 20.000  ավտոմատ ենք արտադրելու: Մինչև 2018-ի երկրորդ ամիսը ամբողջը կարտադրենք և կհանձնենք», — ասել է պաշտոնյան:

Սակայն նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Թուրքիայի զինված ուժերում արդեն իսկ կիրառվում է 2000 միավոր MPT-76 ավտոմատ և նախատեսվում է 50 հազար ավտոմատ հանձնել զինված ուժերին:

Նշենք, որ սերիական արտադրության առաջին խմբաքանակը զինված ուժերին է հանձնվել 2017-ի հունվարին: Դրանք արտադրվում են «Մեհմեթչիք-1» և «Մեհմեթչիք-2» տարբերակներով:

Նշենք, որ MPT-76 ավտոմատն արտադրվում է գերմանական Heckler & Koch ընկերության HK 417 ավտոմատի բազայի վրա՝ գերմանական ընկերության արտոնագրով: MPT-76-ների արտադրությամբ, ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, զբաղվում են MKEK և Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերությունները:

MPT-76 ավտոմատի բնութագրերը

  • Տրամաչափը` 7,62 մմ
  • Երկարությունը` 920 մմ
  • Զանգվածը` 4,1 կգ
  • Խոցման արդյունավետ հեռավորությունը` 600 մ
  • Խոցման առավելագույն հեռավորությունը` 1200 մ
  • 1 րոպեում կարող է արձակել մինչև 650 գնդակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *