Թուրք-քրդական բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 2 «գյուղական պահապան»

Հուլիսի 2-3-ին Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, 2 «գյուղական պահապան», ևս 4 «գյուղական պահապան» վիրավորվել է:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Շրնաք նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պաթյունի հետևանքով սպանվել է 1 ուժային. (արխիվ)

Շրնաք նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պաթյունի հետևանքով սպանվել է 1 ուժային. (արխիվ)

Հուլիսի 3-ին Վան նահանգի Չալդրան գավառում Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է, վիրավորվել է 2 «գյուղական պահապան», որից մեկն ավելի ուշ մահացել է հիվանադանոցում:

Նույն օրը մեկ այլ միջադեպ գրանցվել Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:

Հուլիսի 2-ին Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում PKK-ի դեմ գործողություններում սպանվել է 1 «գյուղական պահապան», ևս 3-ը վիրավորվել են:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2017-ի գարնանից բախումները կրկին ինտենսիվացել են, ինչի արդյունքում գրեթե ամեն օր կորուստներ են գրանցվում Թուրքիայի ուժային կառույցներում: Միայն հունիսի 22-29-ին թուրք-քրդական բախումներում սպանվել է 9 զինծառայող, վիրավորվել է 8 զինծառայող:

Բացի մարդկային կորուստներից, Թուրքիայի արևելքում և հարավարևելքում մի շարք նահանգներ նյութական կորուստներ են կրում, դրանցից մի մասը ավերակների է վերածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *