Հայաստան է այցելել ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակություն

Մայիսի 3-ին ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Համաձայնագրի նախագծի քննարկման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի շրջանակներում մայիսի 2-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը:

Ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխը:

Այցի ընթացքում նախատեսված է քննարկել նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներին առնչվող հարցեր: Համաձայնագրի նախագծի մասին այլ տվյալներ առայժմ չեն հրապարակվել:

Նշենք, որ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունը սկսել է ձևավորվել 2011-12 թվականներից: Ռուսաստանի նախագահը կառույցի գործունեության կանոնադրությունը հաստատել է 2014 թ.: Կառույցի հայտարարվող հիմնական նպատակը  բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների և ռազմական ունեցվածքի հափշտակման դեմ պայքարելն է:

Ներկայում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունը ստորաբաժանումներ ունի նաև Սիրիայի տարածքում: Մասնավորապես այնտեղ են մեկնում Ինգուշեթիայի և Չեչնիայի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *