Թուրքիայի խորհրդարանը երկարաձգեց երկրում «արտակարգ դրությունը»

Ապրիլի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խոհրդարան) ընդունել է երկրում «արտակարգ դրությունը» ապրիլի 19-ից սկսած ևս 3 ամիս ժամանակով երկարաձգելու մասին Թուրքիայի նախարարների խորհրդի առաջարկը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուրադ Ալփալսլանը նշել է, որ դրա երկարաձգումը անհրաժեշտություն է «ահաբեկչական կառույցների դեմ պայքարի» համատեքստում:

Սրան հակառակ՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է «արտակարգ դրությունը» երկարաձգելու որոշումը՝ նշելով, որ երկրի իշխանությունները «արտակարգ դրությունը» շահագործում են իրենց համար ձեռնտու օրենքի ուժ ունեցող հրամանագրերի ընդունման համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` ապրիլի 17-ին, Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված նախարարների խորհրդի ժամանակ երկրում «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգելու որոշում էր ընդունվել և այդ մասին առաջարկը ուղարկվել էր խոհրդարան:

Այսպիսով, 3-րդ անգամ «արտակարգ դրության» երկարաձգման պայմաններում, դրա ժամկետը կհասնի մինչև հուլիսի 20, այսինքն Թուրքիայում շուրջ 1 տարի «արտակարգ իրավիճակ» հաստատված կլինի, իսկ Թուրքիայի իշխանություններն էլ այսպիսով կկարողանան երկրում սահամանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կանխել ցանկացած տեսակի խռովություն:

«Արտակարգ դրությունը» Թուրքիայում հայտարարվել է 2016-ի հուլիսին, այնուհետև 2 անգամ երկարաձգվել է 2017-ի հունվարի 3-ին և 2016-ի հոկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսեցին երկրի զինված ուժերը համալրել իրենց հավատարիմ, իսլամամետ տարրերով: Բացի այդ, սա նրանց հնարավորություն տվեց երկրի քաղաքական կյանքում խոշոր փոփոխություն իրականացնել՝ խոհրդարանական տիպի ղեկավարումից անցում կատարելով նախագահական տիպի հանրապետության: Ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընդունվել է իշխող կուսակցության առաջարկած փաթեթը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *