Մարտի 28-ին Սիրիայի կառավարական ուժերը և նրանց աջակցող զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են մի քանի կարևոր բարձրունքներ Դամասկոս-Պալմիրա ճանապարհի վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուդսկոյը նշել է, որ այդ բարձրունքների ազատագրման շնորհիվ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցեղ Դամասկոս-Պալմիրա ավտոճանապարհի շուրջ 15 կմ-ի վրա, որը 3 տարի շարունակ գտնվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքում:
Նշենք, որ վերջին շրջանում ԻՊ-ն ծանր վիճակում է հայտնվել Սիրիայում: ԻՊ-ից տարածքներ են ազատագրում ինչպես Սիրիայի կառավարական ուժերը, այնպես էլ քրդական ուժերը երկրի հյուսիսում:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին հայտնել է, որ 2017-ի հունվարից մինչ այժմ Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են 196 բնակավայր:
«Իսլամական պետություն» խմբավորման թուլացման ու տարածքների կորստի մասին կարող եք լսել նաև Ռազմինֆոյի և Հանրային ռադիոյի համատեղ ծրագրում: