Հունական դատարանը մերժել է Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած զինվորականներից 3-ին արտահանձնելու հայցը: Զինվորականների թվում են 2 մայոր և մեկ ավագ սերժանտ: Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հունական դատարանը որոշումը հիմնավորել է նրանով, որ «նրանց կյանքը կլինի վտանգի տակ, չեն ձերբակալվի արդարադատության օրենքների համաձայն»:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի ԶՈւ 8 զինվորականներ «Սիկորսկի» ուղղաթիռով փախել էին Հունաստան:
Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:
Ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերից հեռացվել են 32 գեներալ, 566 սպա և 173 ենթասպա: Եթե հաշվի առնենք, որ մյուս հրամանատարությունների հետ համեմատ՝ ռազմաօդային ուժերն ավելի սակավաթիվ են, ապա այս հեռացումները արդեն իսկ լուրջ պակաս էին ստեղծել ՌՕՈւ հրամանատարությունում: Սակայն ներկայումս հեռացվում է ևս շուրջ 300 օդաչու, իսկ նոր օդաչուները դեռ չեն էլ ընդունվել: