Սեպտեմբերի 15-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները ավտոմատներով և նռնականետներով կրակել են Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ և Վան նահանգի Չալդրան գավառների միջև գտնվող Թոնդրակ լեռան շրջանում հերթապահություն իրականացնող «գյուղական պահպանների» վրա:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Համաձայն աղբյուրի՝ բախումների արդյունքում սպանվել է 7 «գյուղական պահպան», 2 զինծառայող, 1 թոշակառու «գյուղական պահպան», ևս 2 զինծառայող և 2 քաղաքացիական վիրավորվել են:
PKK-ի զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար շրջան են ուղարկվել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝ Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառում տեղակայված 1-ին մեխանիզացված բրիգադի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ինչպես նաև «Կոբրա» հարվածային ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, Վանի Չալդրան գավառում թուրքական ուժայինների և քուրդ զինյալների հերթական բախումների ժամանակ սպանվել է ևս 3 «գյուղական պահպան», վիրավորվել՝ ևս 4-ը:
Նշենք, որ «գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված, պետական զինված ստորաբաժանումներ են, որոնք նախատեսված են քրդական բնակավայրերում քուրդ զինյալների դեմ պայքարելու համար:
Նշենք, որ 2015-ի դեկտեմբերից մինչ օրս Թուրքիայի արևելքում շարունակվող զինված բախումների ընթացքին, թուրքական և քրդական կողմերի արձագանքներին կարող եք ծանոթանալ այս հղումով դրված հոդվածներում: