Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը աշխատանաքային այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա և հանդիպել է այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում: 

Թուրքիայի գլխավոր շտաբը, սակայն,  մանրամասներ չի հաղորդում հանդիպման վերաբերյալ:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը:

Նույն օրը ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը, հայտնել է, որ երկու երկրների ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

«Անցկացված բանակցությունները հնարավորություն են տվել համախմբել Սիրիայում տիրող վիճակի վերաբերյալ երկու երկրների գնահատականները և այդ երկրում սեպտեմբերի 12-ից հաստատված հրադադարի ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը», — նշվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն աղբյուրի՝ կողմերը նաև վերահաստատել են իրենց հետաքրքրվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկխոսության հետագա զարգացման վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 6-ին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը «Բանակ-2016» ազմարդյունաբերական ցուցահանդես-ֆորումի ժամանակ հայտարարել է, որ կան հեռանկարներ Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար:

Հիշեցնենք, որ Թուրքիա զինուժը օգոստոսի 24-ից օդուժի աջակցությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ է սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադար հաստատելու մասին համաձայնությունը Ռուսաստանը և ԱՄՆ-ն ձեռք են բերել սեպտեմբերի 10-ին, իսկ հրադադարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ից: 7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստեղծելու են համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատի չափավոր ընդդիմադիրներին  ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը սկսելու են ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին:

Նշենք նաև, որ ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին, այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ի Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցել էր Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչ: 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ինքնաթիռի խոցման վերաբերյալ և ցավակցություն է հայտնել զոհված ռուս օդաչուների ընտանիքներին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար: Ինքնաթիռի միջադեպից հետո նախագահները առաջին անգամ հանդիպել են օգոստոսի 9-ին Չինաստանում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի ընթացքում:

2 responses to “Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ հրամանատարն այցելել է Ռուսաստան | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են դրությունը Սիրիայում և Իրաքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *