Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում մեկնարկել է Agile Spirit 2016 զորավարժությունը, որին Վրաստանի զինծառայողների հետ մասնակցելու են նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Մինչև սեպտեմբերի 9-ը շարունակվելիք զորավարժության նպատակը պաշտպանական և հարձակողական համատեղ գործողությունների ներդաշնակումն է:
Զորավարժությանը կիրառվելու է նաև ԱՄՆ զինված ուժերի ռազմական տեխնիկա, որն օգոստոսի 31-ին Սև ծովով Վրաստանի Փոթի նավահանգիստ է բերվել Բուլղարիայից:
Բացի ցամաքային գործողություններից, Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տարածքում՝ «Վազիանի» զորավարժարանում, անցկացվելու է նաև հրամանատարաշտաբային զորավարժություն:
Agile Spirit զորավարժությունն ամենամյա է, և Վրաստանում անցկացվում է 2011-ից սկսած: Նախորդ տարի՝ 2015-ին, զորավարժությանը մասնակցել են 220 զինծառայող ԱՄՆ-ից և մեկական վաշտ Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Լատվիայի զինված ուժերից:
Ստորև տեսանյութում՝ Վրաստան տեղափոխված ամերիկյան ռազմական տեխնիկան