«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին կարող են ներկայացվել ռազմական նախագծեր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթ, որին այս տարի ընդգրկված է երեք անվանակարգ՝ Ռազմական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ, Քիմիական գիտություններ:

Լուսանկարը Erit.am երիտասարդական լրատվակայքի

Լուսանկարը Erit.am երիտասարդական լրատվակայքի

Մրցույթին կարող են մասնակցել 16-30 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր, որոնք պետք է ներկայացնեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծեր և գիտատեխնիկական մշակումներ: Մրցույթում հաղթած նախագծերի համար նախատեսված մրցանակային ֆոնդը 2 միլիոն դրամ է:

Ռազմինֆոյի հարցերին պատասխանելով՝ մրցույթի մանրամասները ներկայացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը:

Այն հարցին, թե ռազմական ոլորտի ինչպիսի՞ նորարարական գաղափարներ կարող են ներկայացվել մրցույթին, նախարարության ներկայացուցիչը մանրամասնեց, որ խրախուսվում է ցանկացած նոր գաղափար, որը կարող է իրականացվել կամ կարող է պետքական լինել: Նա նաև նշեց, որ մրցույթն անցկացվում է երկրորդ տարին, և կանոնադրության համաձայն՝ մրցույթում կարող են ընդգրկվել մոտ 20 ոլորտներ: Այդ ոլորտներից հանձնաժողովի քվեարկությամբ այս տարի ընտրվել են երեք ոլորտներ, որոնցից մեկն էլ հենց ռազմականն է:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ մրցույթը անհատների և խմբերի համար է, և գրանցված ընկերությունները չեն կարող դրան մասնակցել, բայց ընկերությունների գաղափարները կարող են անհատապես կամ խմբով ներկայացնել դրանց հեղինակները:

Կապի խափանումների վերացումից հետո իրենց սարքը կրկին գործարկում են TSD թիմի մասնակիցները և կարողանում են նույնպես ծանրոցը գցել ախատեսված տեղում։ Թիմը վերջնական արդյունքով գրավում է մրցույթի 3-րդ տեղը և ստանում 260 հազար դրամ մրցանակ

Երիտասարդների նախագծած անօդաչու թռչող սարքը՝ 2016 հուլիսին Արզնիում անցկացված ԱԹՍ-ների մրցույթի ժամանակ

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հետևելու և ծանոթանալու են առաջարկված գաղափարներին՝ Դավիթ Հայրապետյանը պատասխանեց, որ մրցույթի համար ընտրվում են փորձագետներ, որոնք էլ գնահատելու են ներկայացված գաղափարները: Սպորտի և երիտասարադության հարցերի նախարարությունը ներկայում փորձագետների տեղերի համար ընդունելություն է կազմակերպել, և փորձագետների մեջ կլինի նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, որը կհետևի ռազմական ոլորտի հետ կապված նորարարական գաղափարներին: Ինչ վերաբերում է գաղափարների առաջխաղացմանը, ապա սպորտի և երիտասարդության նախարարությունը դրանք կփորձի ՀՀ ՊՆ-ին ներկայացնել նաև ոլորտային համագործակցության շրջանակներում:

Մրցույթի կարգի համաձայն՝ հայտի մեջ մասնակիցները պիտի ներկայացնեն նաև, թե զարգացման ինչ փուլում է նորարարական նախագիծը (օրինակ՝ փաստաթղթային հիմնավորում, նախնական փորձարկումներ, փորձնական խմբաքանակի թողարկում և այլն): Այս առնչությամբ Հայրապետյանը նշեց, որ կարող է քննարկվել «առավել պատրաստի» գաղափարներին լրացուցիչ առավելություններ տալու հարցը:

Ավելի վաղ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունն իր հայտարարության մեջ տեղեկացրել է, որ մրցութային հայտերն ընդունվում են 2016 թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ը:

Մրցույթի հաղթողների պարզելու համար փորձագիտական հանձնաժողովի նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ, որը կանցկացվի հոկտեմբերի երկրորդ կեսին:

Եզրափակիչ փուլում կանցկացվի 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա նախագծերի պաշտպանություն հեղինակների և հեղինակային խմբերի կողմից: Վերջում փորձագիտական հանձնաժողովը վերջնական կգնահատի նախագծերը, ինչի արդյունքում էլ կպարզվեն հաղթողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *