Օգոստոսի 3-ի առավոտյան Շիրակի մարզի՝ Թուրքիային սհամանակից շրջաններից մեկում ձերբակալվել և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա էր վերադարձվել փախուստի դիմած ժամկետային զինծառայող, 1996 թ. ծնված Սերգեյ Շիլովը: Այս մասին հայտնել էր Aravot.am լրատվական կայքը:
Տեղեկությունների համաձայն դեպի Թուրքիայի սահման գնացող զինծառայողին նկատել էին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները, ովքեր զինծառայողին հանձնել են սահմանապահ զորքերին: Այս մասին «Ասպարեզ»-ի հետ զրույցում նշել է Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանը:
Զինծառայողին նկատած և վերջինիս հետ զրուցած զինծառայողներից մի քանիսը հայտնել էին, որ նա դժգոհ էր ռազմաբազայում ծառայությունից և ցանկանում էր հատել հայ-թուրքական սահմանը՝ այնուհետև նպատակ ունենալով անցնել ՌԴ տարածք:
Ավելացնենք, որ մի քանի օր առաջ ռազմաբազայից պայմանագրային զինծառայող էր փախել: Ոստիկանները գտել էին նրան Երևանի Հանրապետության հրապարակում:
ՀՀ ոստիկանությունից Razm.info-ին տված մեկնաբանությունում հաստատեցին, որ ռազմաբազայից ոստիկանությանը չեն տեղեկացրել փախուստի դիմած զինծառայողի մասին:
Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան