Սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը

Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի Քալա-Է-Զալ շրջանում անօդաչու թռչող սարքով հասցված ավիահարվածից սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը՝ Մուլլա Խաիրուլահը: Սպանվել են նաև զինյալի թիկնապահներից 4-ը:

Այս մասին հայտնում է չինական Xinhuanet լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանի շրջանային ոստիկանության պետ Մոհամմադ Քասիմ Ջանգալբաղին: Թալիբները դեռևս չեն հաստատել առաջնորդի մահվան լուրը: Հարվածը հասցվել է նահանգում գտնվող զինյալների ապաստարանին:

Թալիբան շարժման զինյալներ

Թալիբան շարժման զինյալներ

Ըստ ոստիկանապետի՝ վերջին մի քանի տարում Մուլլա Խայրուլահը ղեկավարել է 300 ապստամբների և նրա մահը կարող է վատ անդրադառնալ  Քունդուզ, Թախար և Բաղլան նահանգներում գործող թալիբների վրա:

Ավելացնենք, որ 2016-ի մայիսից՝ Թալիբանի նախկին առաջնորդ մուլլա Ախտար Մանսուրի մահից հետո, զինյալների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջ եկել: Զինայլներից ոչ բոլորն են ընդունել նոր առաջնորդ  մաուլավ Խայբատուլլի Ախունդզադեի իշխանությունը: Քննարկվում է նաև կառավարական ուժերի հետ բանակցելու տարբերակը:

Նշենք նաև, որ  Քալա-է-Զալ նահանգում՝ Տաջիկստանի հետ սահմանին, կառավարական ուժերի և թալիբների միջև մի քանի ամիս է մարտեր են ընթանում:

Թալիբանը իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը:

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 131 խաղաղապահ զինծառայողներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *