Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ավարտվել է գումարտակի և դիվիզիոնի հրամանատարական անձնակազմի համար անցկացված վարժանքները: Բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա վարժանքներին մասնակցել է ավելի քան 100 սպա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Razm.info-ին տեղեկացրել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Հավաքների ընթացքում սպաները նորմատիվներ են հանձնել կրակային, շարային, տակտիկական, ֆիզիկական և հատուկ պատրաստությունից, ինչպես նաև ստուգվել են մարտական մեքենաների վարման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական զենքերից պաշտպանության հմտությունները, վերահսկվող փաստաթղթերի իմացությունը:
Նշվում է նաև, որ բազայի հրետանային և զենիթահրթիռային ստորաբաժանումների հրամանատարները բարելավել են իրենց՝ ԱԹՍ-ների կիրառման հմտությունները:
Վարժանքների ընթացքում սպաները մասնակցել են իմիտացիոն խաղի, որի ժամանակ հետախուզություն են անցկացրել, հայտնաբերել են պայմանական հակառակորդի կարևոր կրակային կետերը և, օգտագործելով «Օրլան-10» և «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքեր, ոչնչացրել դրանք:
Վարժանքի ավարտին ցուցադրական զորավարժություն է անցկացվել, որի ժամանակ զինծառայողները ԲՏՌ-80 զրահափոխադրիչի և «Տիգր» զրահամեքենայի կիրառմամբ չեզոքացրել են ահաբեկչական խմբավորման:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 մայիսի – 4 հունիսի, 2016 | Ռազմ.info