Շաբաթն առաջնագծում անցել է քիչ կրակոցներով • Հայկական բանակն ունի 2 ոչ մարտական կորուստ • Նշանակվել է ՀՀ ՊՆ նոր տեղակալ • ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրն ուղարկվել է ԱԺ վավերացմանը • Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության նախկին պետը, ևս 2 գնդապետ • ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ՏՏ մասնագետների զորակոչի մրցույթ • Կամավորականների մի մասը դեռ առաջնագծում է, նրանց համար սահմանվում են աշխատանքային-սոցիալական երաշխիքներ • ՀՀ պաշտպանության նախարարն ուսումնական տագնապ է հայտարարել զորամասում • Լիբանանում ծառայության է անցել ՀՀ ԶՈւ խաղաղապահների 4-րդ խումբը • ՊՆ-ում ամփոփվել են մայիսին կատարած աշխատանքները • Հայկ Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում • Բարերարները հազարավոր անձրևանոցներ են ուղարկել ՊԲ-ին • Կաշառակերության համար ձերբակալվել է զինկոմիսարիատի պաշտոնյա • Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ևս 1 զինծառայող • Խուլիգանության համար ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ • Արցախում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռի մնացորդներ • ՌԴ ԶՈւ բազայի վարժանքներ Հայաստանում
• Մայիսի 29-ից հունիսի 4-ն առաջնագծում իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցները՝ հիմնականում հրաձգային զինատեսակներով և քիչ։ Թշնամին մի քանի անգամ կրակել է նաև 60 մմ ականանետով և ԱԳՍ-17 նռնականետով (մայիսի 29, մայիսի 30, մայիսի 31, հունիսի 1, հունիսի 2, հունիսի 3, հունիսի 4)։
• Մայիսի 29-ին ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող Սուրեն Արմենի Մոսիյանը:
• Հունիսի 2-ին ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը։
• Հունիսի 2-ին Դավիթ Փախչանյանը նշանակել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Փախչանյանին ներկայացրել է ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին:
• Մայիսի 30-ին ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Հունիսի 2-ին ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնական դիրքի՝ ծանր հետևանքներ առաջացրած չարաշահումների համար։
• Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրին և այն ուղարկել ԱԺ վավերացմանը։
• Զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու համար ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ՏՏ ոլորտներում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ, որի մանրամասները ներկայացված են այստեղ։
• Հունիսի 2-ին Արցախի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ կամավորականների մի մասը դեռ Արցախի առաջնագծում է: Կամավորականները կատարում են ինժեներական աշխատանքներ, մասնակցում են մարտական հերթապահությանը և այլն:
• Մայիսի 31-ին Արցախի կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար կամավորականներին վճարելու է 5000 դրամ: Ավելի վաղ Արցախի վարչապետը հայտնել է, որ արցախցի աշխատող կամավորականներն առաջնագծում գտնվելու ընթացքում նույնպես ստացել են իրենց աշխատավարձերը:
• Հունիսի 2-ին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ կամավորականների՝ հաշմանդամ դառնալու կամ զոհվելու դեպքում նրանց ընտանիքները սոցիալական երաշխիքներից կօգտվեն զինծառայողներին հավասար պայմաններով:
• Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում և ուսումնական տագնապ է հայտարարել այնտեղ։ Զինանձնակազմը տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման գործողությունները։
• Մայիսի 30-ին Լիբանանի ՄԱԿ զինավանում կատարվել է UNIFIL խաղաղապահ առաքելության հայաստանյան զորախմբերի հերթափոխը: Խաղաղապահ առաքելությունը ստանձնել է հայաստանցի խաղաղապահների 4-րդ խումբը։
• Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ խորհրդակցության ժամանակ քննարկվել են մայիսին զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքները:
• Հունիսի 2-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ – ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:
• Հունիսի 2-ին Արցախի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ բարերարների միջոցներով Պաշտպանության բանակին է փոխանցվել անջրաթափանց 1500 անձրևանոց, ևս 1500 հատ էլ դեռ փոխանցվելու է: Դրանից հետո էլ բարերարները փոխանցելու են 400-450 չորստեղանոց վրան:
• Հունիսի 1-ին առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևանի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:
• Մայիսի 25-ին մահացած զինծառայող Հակոբ Արայիկի Գևորգյանի սպանության գործով մայիսի 31-ին ձերբակալվել է ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը:
• Հունիսի 2-ին ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում սպառնացել և թալանել են իրենց տեղափոխած տաքսու վարորդին ու մեքենայով հեռացել: Կուրսանտները հայտնաբերվել են և ձերբակալվել։
• Մայիսի 30-ին Արցախի Ջաբրայիլ (Ջրական) գյուղի մոտ հովիվները հայտնաբերել են «Սմերչի» հրթիռի մնացորդ։
• ՌԴ ԶՈւ Հայաստանում տեղակայված ավիաբազայի Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները թռիչքի և վայրէջքի վարժանքներ են անցկացնում լեռնային տարածքներում։
• Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում ավարտվել են գումարտակի և դիվիզիոնի հրամանատարական անձնակազմի համար անցկացված վարժանքները, որոնց մասնակցել է ավելի քան 100 սպա:
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։