Մայիսի 16-ին վրաստանյան հայտնի ֆորումներից մեկում Թբիլիսիի ավիագործարանից մի քանի լուսանկար է տեղադրվել, որտեղ երևում են Սու-25 գրոհիչների կմախքներ։ Ըստ նկարները հրապարակողի՝ դրանք գրոհիչի՝ «Ge-31 Բորա» անունը ստացած արդիականացված առաջին տարբերակներն են։
Լուսանկարներ են հրապարակվել նաև Թբիլիսիի ավիագործարանի պաշտոնական կայքում։ Ֆոտոալբոմում երևում են մի քանի միավոր Սու-25-ի կմախքներ, որոնց վրա աշխատանք է տարվում։
Հավելենք, որ արդիականացված գրոհիչների մասին վրաստանյան լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել նախորդ տարվանից։ Այդ թեմային 2015 թվականին «Կվիրիս պալիտրա» կայքի իր հոդվածում անդրադարձավ վրաստանցի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։ Ըստ նյութի՝ արդիականացված ինքնաթիռը ստանալու է Ge-31 «Բորա » (ბორა— ուրուր) անունը։ «Ge»-ն նշանակում է «Georgia» (Վրաստան), իսկ «31»-ը Խորհրդային Վրաստանում Թբիլիսիի ավիագործարանի նախկին համարն է (№ 31)։
Ըստ նյութի՝ Ge-31-ը լինելու է «Սու-25Կ», «Սու-25Տ» ինքնաթիռների մոդիֆիկացված տարբերակը, որոնք սարքվելու են Վրաստանում։
Հարկ է նշել, որ սա Սու-25-ի արդիականացման առաջին ծրագիրը չէ։ 2000 թվականին ավիագործարանը իսրաելական Elbit systems ընկերության հետ արտադրում էր մինչև Սու-25ԿՄ «Սկորպիոն» տարբերակի արդիականացված Սու-25։
Սակայն նշենք, որ արդեն 2010 թվականին Վրաստանն Ադրբեջանին վաճառեց Սու-25-երի արտադրման և վերանորոգման տեխնոլոգիան։