Մայիսի 20-ին Դուշանբեում (Տաջիկստան) կանցկացվի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի նիստ, որը կգլխավորի ՌԴ փոխվարչապետ, կոմիտեի նախագահ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:
Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործնական համագործակցության կազմակերպման ու մասնավորապես՝ ձեռնարկությունների գիտատեխնիկական ու արտադրական համագործակցության հարցեր:
ՀԱՊԿ կայքի հրապարակման համաձայն՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեն ստեղծվել է կազմակերպության անվտանգության խորհրդի դեռևս 2005թ. որոշման հիման վրա: Կոմիտեի նպատակն է կապեր պահել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև՝ դրանց համատեղ աշխատանքները կազմակերպելու համար:
Լրացում. Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ կայքը հայտնել է, որ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության ներկայացուցիչները մայիսի 18-20-ին Դուշանբեում կմասնակցեն ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 14-րդ նիստին և հանձնաժողովի նախագահին առընթեր ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը:
Pingback: ՀԱՊԿ երկրները ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը կօգտագործեն համատեղ | Ռազմ.info