ՀՀ ԶՈւ ավտոծառայության պետն ընդունել է մեղադրանքը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ գնդապետ Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։

Աբրահամյանին մայիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա):

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։

Նախաքննությունն իրականացնող մարմինը մայիսի 16-ին որոշում է կայացրել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *