Ռուսաստանի զինված ուժերի 2015թ. խոշորագույն զորավարժությունը, որին ներգրավված էր 95 հազար զինծառայող, ավարտվել է սեպտեմբերի 20-ին: «Կենտրոն-2015» («Центр-2015») ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված էին ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական շրջանը, Կասպյան նավատորմիղը, օդադեսանտային զորքերն ու ավիացիան:
Ռազմավարական զորավարժությանը մասնակցում էին նաև երկրի ուժային կառույցները՝ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունները, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն: Զորավարժությանը մասնակցել է նաև Ղազախստանի ԶՈւ՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությունը մեկնարկել է դրա մասնակից ստորաբաժանումների հանկարծակի ստուգումով ու մարտական պատրաստության լրիվ աստիճանի բերումով: Այնուհետ ստորաբաժանումները հանվել են կենտրոնացման շրջաններ, կատարել երթեր և խոշոր վերախմբավորումներ:
Զորավարժությանը ներգրավված է եղել մոտ 95 հազար զինծառայող, մոտ 7000 միավոր զինտեխնիկա, 170 միավոր ինքնաթիռ, 20 ռազմանավ և այլն:
Զորավարժության ամփոփիչ՝ կրակային փուլին հետևել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մոտ 40 երկրների՝ Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ: Կրակային փուլի մտահղացման համաձայն՝ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են խոշոր ահաբեկչական խմբավորում՝ կիրառելով նաև մարտական ավիացիան, հրթիռային, տանկային և դեսանտային ստորաբաժանումներ: