Ավարտվել է ՌԴ ԶՈւ հրամանատարաշտաբային խոշոր զորավարժությունը

Ռուսաստանի զինված ուժերի 2015թ. խոշորագույն զորավարժությունը, որին ներգրավված էր 95 հազար զինծառայող, ավարտվել է սեպտեմբերի 20-ին: «Կենտրոն-2015» («Центр-2015») ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված էին ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական շրջանը, Կասպյան նավատորմիղը, օդադեսանտային զորքերն ու ավիացիան:

Ռուսաստանի ԶՈւ՝ զորավարժությանը մասնակցող տանկային ստորաբաժանումները գրոհի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ՝ զորավարժությանը մասնակցող տանկային ստորաբաժանումները գրոհի ժամանակ

Ռազմավարական զորավարժությանը մասնակցում էին նաև երկրի ուժային կառույցները՝ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունները, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն: Զորավարժությանը մասնակցել է նաև Ղազախստանի ԶՈւ՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զորավարժությունը մեկնարկել է դրա մասնակից ստորաբաժանումների հանկարծակի ստուգումով ու մարտական պատրաստության լրիվ աստիճանի բերումով: Այնուհետ ստորաբաժանումները հանվել են կենտրոնացման շրջաններ, կատարել երթեր և խոշոր վերախմբավորումներ:

Զորավարժությանը ներգրավված է եղել մոտ 95 հազար զինծառայող, մոտ 7000 միավոր զինտեխնիկա, 170 միավոր ինքնաթիռ, 20 ռազմանավ և այլն:

Զորավարժության ամփոփիչ՝ կրակային փուլին հետևել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մոտ 40 երկրների՝ Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ: Կրակային փուլի մտահղացման համաձայն՝ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են խոշոր ահաբեկչական խմբավորում՝ կիրառելով նաև մարտական ավիացիան, հրթիռային, տանկային և դեսանտային ստորաբաժանումներ:

ՌԴ ԶՈւ հարվածային ուղղաթիռները զորավարժության կրակային փուլի ժամանակ

ՌԴ ԶՈւ հարվածային ուղղաթիռները զորավարժության կրակային փուլի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *