Այսօր՝ մայիսի 1-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է նոր կառավարության կազմը։ Այսպիսով՝ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ազատվել է իր պաշտոնից, իսկ նրա փոխարեն վարչապետը ներկայացրել է Թինաթին (Թինա) Խիդաշելիին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կատավարության մամուլի ծառայությունից։
«Թինա Խիդաշելին խորհրդարանի՝ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի ղեկավարն է։ Այսօրվանից նա Եվրոպայի մասշտաբով 6-րդ, իսկ Վրաստանի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարն է»,- ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։
Հատկանշական է, որ Թինա Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի կինն է։
Ինչ վերաբերում է արդեն նախկին պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին, ապա նա վերադառնում է իր նախկին պաշտոնին։ Վերջինս մինչև 2014թ. նոյեմբերը կառավարությանն առընթեր պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղարն էր։ Ներկայիս քարտուղար Դավիդ Սուջաշվիլին վերադառնալու է իր նախկին պաշտոնին՝ հետախուզության վարչության պետի պաշտոնին։
Տեղեկացնենք, որ Վրաստանի կառավարության փոփոխությունը կապված է վերջին օրերին մի քանի նախարարների հրաժարականների հետ։ Դեռևս 2014թ. հուլիսին Ղարիբաշվիլիի գլխավորությամբ հաստատված կառավարության կազմը չէր կարող գործել, քանի որ 20 նախարարներից 1/3-ը հրաժարական էին տվել:
Ըստ Վրաստանի օրենսդրության՝ վարչապետը մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնում է կառավարության նոր կազմը, որից հետո այն հաստատում է երկրի նախագահն ու ներկայացնում խորհրդարանին վստահության քվե ստանալու համար։
Այսպիսով՝ նոր կառավարությունում փոխվել են պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարությունների ղեկավարները։ Մյուս նախարարները մնացել են նշանակված պաշտոններում։
Pingback: Վրաստանի նախագահը չի հաստատել պաշտպանության և մի շարք այլ նախարարների նշանակումը | Ռազմ.info