«Փախուստ» Շուշիի բանտից կամ որտեղի՞ց են գալիս բանակի խնդիրները. ամփոփում

Մինչ օրս Քարվաճառից Վարդենիս հասնում են 6-7 ժամում, քանի որ ճանապարհներն ավելի արագ գնալու հնարավորություն չեն տալիս, սակայն  այսօր ԼՂՀ-ն կյանքի է կոչում մի նախագիծ, որը հնարավորություն կտա ծախսվող ժամանակը նվազեցնել մինչև 30 րոպեի (հավաստիացնում են տեղի բնակիչները), իսկ Երևան-Ստեփանակերտ ճանապարհը կկրճատվի 150 կմ-ով։ Բացի այդ, նոր ճանապարհն այլընտրանք է Երևան-Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն։ Թեմային այսօր անդրադարձել էր «Ազատություն» ռադիոկայանը։

«Այդ ճանապարհի բացումը կխթանի մեր շրջանի տնտեսության զարգացումը ոչ միայն գյուղատնտեսության, այլև` որոշ չափով արդյունաբերության, որոշ չափով` անհատ ձեռներեցության ոլորտներում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քարվաճառի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը:

Մինչ Քարվաճառում մայրուղու շինարարություն է ընթանում՝ ԵԱՀԿ առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է lragir.am-ը՝ հղում անելով ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությանը։

Իսկ ԼՂՀ մեկ այլ հատվածում՝ Շուշիի բանտում, դեռևս պահվում է Աշոտ Կոսկանդելյանը, ով մեղադրվում է ծառայակից ընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Աշոտ Կոսկանդելյանը՝  փաստաբան Ստեփան Ոսկանյանի պնդմամբ, սկզբում ընդունել է մեղադրանքը, ապա հրաժարվել՝ ասելով, որ ինքը սպանություն հետ կապ չունի, իսկ մեղադրանքն ընդունել է ճնշման տակ։ Աշոտի փաստաբանն այս պահին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալին Շուշիի բանտից մեկ այլ կալանավայր տեղափոխելու համար։

Իսկ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը և ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը զրուցել են armar.am-ի լրագրողի հետ՝ նշելով, որ բանակում առկա խնդիրները սկիզբ են առնում զինկոմիսարիատից և 15-16 տարեկան հասակից, երբ ծնողները վստահեցնում են զավակներին, թե ամեն ինչ կանեն նրանց զինծառայությունից ազատելու համար։ Սակայն այս բացասական ֆոնին Հովհաննիսյանը և Ջամալյանը անդրադարձել են բանակի ձեռքբերումներին և, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրությունները, հայտարարել, որ բանակում այսօր կան մարդկային գերազանց որակներով հրամանատարներ, ովքեր զինվորի պարծանքն են համարվում։

Սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք տեղ էին գտել այսօրվա ինտերնետային հրապարակումներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *